ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վատ լուր անսթափ վարորդների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 30-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ հարցը: Նախագծի փոփոխության առաջարկը ներկայացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, հարակից զեկուցող է նշանակվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ մեր տեղեկությունների` նախագծի հետ կապված` իշխանականները դեռեւս վերջնական դիրքորոշում չունեն, ու դեռ անհայտ է, թե այն ինչ եզրակացություն է ստանալու հանձնաժողովում:

Ըստ ԲՀԿ-ականների` իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ տարեցտարի Ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը աճում է, եւ, վիճակագրության համաձայն, յուրաքանչյուր տարի ավելանում է նաեւ դրանց հետեւանքով զոհված եւ վիրավորված մարդկանց թիվը:

Ըստ այդմ, գործող օրենսդրության պայմաններում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում համապատասխան հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները, առաջացնում է տուգանք` 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ նշված արարքը կատարելիս եթե վարորդի արյան մեկ լիտրիմեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, տուգանքը 200.000 դրամի կլինի:

Իսկ պատգամավորն առաջարկում է տուգանքների չափերի բարձրացում եւ պատասխանատվության խստացում, որը կնվազեցնի կոպիտ խախտումների թիվը, եւ սրանով է պայմանավորված տուգանքի չափերը համապատասխանաբար 250.000 եւ 300.000 ՀՀ դրամ սահմանելը: Ըստ մեր տեղեկությունների` իշխանության կողմից վերապահում կա գումարի չափի ավելացման հարցում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ փորձեց զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: Թե ինչ եզրակացության եկան իշխանականներն այս հարցում, դեռեւս անհայտ է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս