«Լրատվամիջոցներին սնանկացնելու, բերանը փակելու, լրագրողներին ավելի վախկոտ դարձնելու համար է: Որ լրագրողը մտածի` իր գրած յուրաքանչյուր բառի համար իրենից կարող է բռնեն եւ այնքան գումար պահանջեն, ինչքան ինքը չի ստանում են անգամ 3 տարվա ընթացքում»,-ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի` Report.am կայքէջին եւ լրագրող, վերլուծաբան Էդիկ Անդրեասյանի դեմ 2-ական միլիոն դրամի վերաբերյալ հայցը «Ժողովուրդ»-ի համար այսպես մեկնաբանեց դատի տրված Էդիկ Անդրեասյանը: Բաբուխանյանի վրդովմունքի պատճառը Report.am-ում 2010 թվականի սեպտեմբերին հրապարակված Էդիկ Անդրեասյանի «Իրավունքի իրավունքը Հայկ Բաբուխանյանի սրի ծայրին է» հոդվածն է, որը, ըստ հայցվորների, «պարունակում է այնպիսի արտահայտություններ, որոնք կրում են ե՛ւ վիրավորական բնույթ, ե՛ւ հանդիսանում են որպես զրպարտություն, քանի որ տպագրված հոդվածը եւ դրանում արված արտահայտությունները ստույգ փաստեր չեն եւ չեն համապատասխանում»: Խնդրի կապակցությամբ զրուցեցինք նաեւ Հայկ Բաբուխանյանի հետ` հարցնելով, թե ինչու է նա ընտրել լրատվամիջոցին դատի տալու ճանապարհը: Միաժամանակ հիշեցրինք իր հայտարարություններն այն մասին, որ ԶԼՄ-ները պետք է համագործակցեն, ոչ թե թշնամանան: «Պատվի եւ արժանապատվության հետ կապված խնդիր էր դա: Բացի այդ, ես չեմ ասել, որ պետք է համագործակցեն, ես նման բան չեմ ասել: Բոլորը պետք է գործեն օրենքի սահմաններում, օրենքով սահմանված կրեն պատասխանատվությունը: Մենք մի քանի անգամ լրատվամիջոցին ասել ենք, որ ուղղեն իրենց թույլ տված սխալները, իրենք դա չեն արել»:Նշենք, որ ՀՀ երրորդ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի մտահղացած օրենքի վերաբերյալ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում նաեւ` Երեւանի մամուլի ակումբը, որը ժամանակին դրական էր արտահայտվում օրինագծին այն առումով, որ վիրավորանքի ու զրպարտության համար քրեական պատասխանատվությունը փոխարինվում է ֆինանսական պատասխանատվությամբ, բաց նամակ են հղել կոալիցիային` պահանջելով վերանայել օրենքի նախագիծը: Այս օրենքի գործունեության հետեւանքով բավարարվեց 3 օլիգարխների` միլիոնավոր դրամի հայցն ընդդեմ «ՀԺ»-ի, Քոչարյանների` ընդդեմ «Ժամանակ»-ի: «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Տիգրան Արաքանցյանն էլ «Երկրից» է իր վիրավորված պատվի ու արժանապատվության համար պահանջում 3 միլիոն դրամ: Դատական նիստը կկայանա Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ս/թ. մարտի 23-ին:
ՍՐԻ ԾԱՅՐԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ