Դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել. ինչ կապ ունի նախկին ոստիկանապետի դուստրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է ընթանում` ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից իր լիազորությունները չարաշահելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը, 2013 թվականի ապրիլ ամսից մինչեւ օրս զբաղեցնելով տնօրենի պաշտոնը, ունենալով կազմակերպական-վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու լիազորություններ, շահադիտական նպատակներով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ 02.04.2013-ից մինչեւ 07.11.2013թթ. որպես լաբորանտ, ապա 19.01.2015-ից մինչեւ 30.12.2015թթ. որպես հոգեբան աշխատանքի է ընդունել նույն մարդուն, որը չի հաճախել աշխատանքի և չի կատարել իր պարտականությունները:

Դպրոցի տնօրենը ստորագրել ու փաստաթուղթ հանդիսացող կեղծ տեղեկագրեր է ներկայացրել հաշվապահին, որոնց հիման վրա աշխատանքի չհաճախած անձի անվամբ հաշվարկվել եւ վճարվել է 1.161.679 ՀՀ դրամ գումար աշխատավարձ` պետությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա` տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է: Իսկ ո՞վ է եղել այն աշխատակիցը, որին թիվ 192 դպրոցի տնօրենը աշխատանքի է ընդունել, բայց նա այդպես էլ գործի չի գնացել, եւ իր անվամբ աշխատավարձ է դուրս գրվել: Ո՞Ւմ է նման լավություն արել Երեւանի Գեւորգ Վարդանյանի անվան թիվ 192 հիմնական դպրոցի տնօրենը: Ըստ մեզ հասած տեղեկությունների` անձը, որին 2013 թվականի ապրիլի 2-ից մինչեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ը որպես լաբորանտ, ապա 2015 թվականի հունվարի 19-ից մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 30-ը որպես հոգեբան աշխատանքի են ընդունել,  ու նա չի ներկայացել աշխատանքի եւ չի կատարել իր պարտականությունները, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասապարյանի դուստր Աննա Գասպարյանն է եղել: Մնացած մանրամասները թերեւս քննությունը կպարզի:

Քնար Մանուկյան




Լրահոս