Հայաստանի կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի եւ Գերմանական զարգացման բանկի ԳԶԲ/KfW հետ համատեղ նախաձեռնել է ներդնել գյուղատնտեսական ապահովագրության համակարգ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծ:
Նշենք, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին Գեղամ Գեւորգյանը, որը այդ ժամանակ գյուղատնտեսության նախարարի (ներկային ՏՄՊՊՀ նախագահը) պաշտոնն էր զբաղեցնում, հայտարարել էր, որ 2019-ի փետրվար-մարտին Արարատի եւ Արմավիրի մարզերում կսկսվի ապահովագրության փորձնական ծրագիր,ինչի նպատակով պետական բյուջեից պետք է հատկացվեր 360 մլն դրամ գումար:
Սակայն ընթացիկ տարում ագրո-ապահովագրության փորձնական որեւէ ծրագիր չի իրականացվել: Անգամ խոսք չի եղել այս մասին, մինչեւ երկու-երեք օր առաջ Էկոնոմիկայի նախարարության ապահովագրության վերաբերյալ նախագիծը քննարկման է դրվել e-draft տեղեկատվական համակարգում: Այսինքն` ստացվում է` մի պաշտոնյա հայտարարում է, որ 2019-ին սկսելու են ապահովագրության փորձնական ծրագիրը, իսկ մյուս պետական կառույցը դեռ նոր նախագիծ է շրջանառության մեջ դնում: Եւ Աստված գիտի, թե այն երբ կյանքի կկոչվի:
Բայց, մյուս կողմից, գյուղատնտեսությունը բարձր ռիսկային ոլորտ է, որի պատճառով էլ ապահովագրական ընկերություններին այն չի գրավում:
Աշխարհում հայտնի թվով 350 բնական աղետներից ՀՀ տարածքին առանձնահատուկ են թվով 110-ը: Հետեւաբար, գյուղատնտեսությունում տնտեսավարողները տարբեր բնական աղետների (կարկուտ, ցրտահարություն, երաշտ եւ այլն) հետեւանքով զգալի կորուստներ են կրում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում վերջին 6 տարիներին բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ։ Մեղմ ասած`110 մլրդ դրամի չափով վնաս կրել է հայ գյուղացին, բայց դրա կեսն անգամ հետ չի վերադարձրել: Ըստ մասնագետների`գյուղատնտեսության ոլորտում բնական վտանգների թվում կարկուտն առավել ծանրն է:
Կարկուտից տուժում է երկրի գյուղական բնակավայրերի 15-17 տոկոսը: Կարկուտներն առավել հաճախակի են տեղում Արարատյան դաշտում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի բարձրադիր գոտիներում, Գեղարքունիքում եւ Կոտայքի լեռնային գոտիներում, միջինը` տարեկան 4-5 դեպք: Իսկ կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, որը գյուղացին կա՛մ չի կարողանում իրացնել, կա՛մ էլ թափում է: Ավելին, ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար տարիներ են պահանջվում եւ գումարներ այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման համար:
Ըստ էկոնոմիկայի նախարարության` ՀՀ 6 մարզերում կարկուտի եւ հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք:
Սկզբում նախատեսվում է ապահովագրել թվով 2 մշակաբույս` ծիրան եւ խաղող, 3 ռիսկերից` կարկուտ եւ հրդեհ, գարնանային ցրտահարություն: Ծրագրի շրջանակներում մշակաբույսերի տեսակներն, ըստ համապատասխան ռիսկերի եւ մարզերի, աստիճանաբար ավելանալու են` հասնելով շուրջ 10-ի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ փորձնական ընտրված մարզերն են` կարկուտի եւ հրդեհի դեպքում 6 մարզ (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր, եւ Տավուշ), գարնանային ցրտահարության դեպքում 2 մարզ (Արարատ, Արմավիր): Նշենք, որ ապահովագրավճարի սակագնի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից` ըստ ռիսկային գոտու:
Փորձնական ծրագրի ընթացքում KfW բանկի կողմից կտրամադրվի ավելի քան 5 մլն եվրո եւ նույնքան էլ կլինի համաֆինանսավորում պետական բյուջեից (խոսքը մոտ 360 մլն դրամի մասին է), որը կուղղվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը:
Արդյոք հաջորդ տարի մեր հանրապետության գյուղատնտեսությունը կապահովագրվի, դեռեւս հայտնի չէ: Եւ մեկ կարեւոր հարց, որի պատասխանը այսօր եւս հայտնի չէ. արդյոք հասարակ գյուղացին կկարողանա՞ օգտվել ապահովագրությունից:
Չէ՞ որ հենց հասարակ գյուղացիներն են վնասներ կրում եւ կարկուտի կամ ցրտահարության պատճառով կորցնում ողջ տարվա միակ եկամուտը: Եւ փորձը ցույց է տվել, որ կառավարությունը ոչինչ չի անում կամ էլչնչին փոխհատուցում է տրամադրում: Համենայնդեպս, նախորդ կառավարությունները բավարարվել են միայն ջրի եւ հողի հարկերը զեղչելով:
Բայց համաձայնեք, որ սա առարկայական օգնություն չէ առանց այն էլ վարկերի մեջ խրված եւ կարկուտից, ցրտահարությունից տուժած գյուղացուն: Ավելին, պատկան կառույցները, այդ թվում եւ`Գյուղատնտեսության նախարարությունը (որը կառուցվածքային փոփոխություններից հետո անցել է էկոնոմիկայի նախարարությանը), բավարարվում են միայն կարկտահարությունից վնասներ կրած գյուղերում շրջելով եւ մարդկանց հանգստացնելով: Իսկ փոխհատուցման մասով կամ գյուղացու հոգսը թեթեւացնելու համար ուղղակի չկան, իրավասու չեն:
Սյունէ Համբարձումյան