«ՀԵՏ ԿԱՆՉՎԱԾ» ՆԱԽԱԳԻԾԸ ԷԼԻ ՀԵՏ ԵՆ ԿԱՆՉԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ստացել է «հետկանչման օրինագիծ» անունը, երեկ կրկին հետ է ուղարկվել կառավարություն` նորից մշակումներ կատարելու եւ խորհրդարան ներկայացնելու համար:

Ըստ մեր տեղեկությունների` հայրենի կառավարությունը ցանկացել է, որպեսզի այն ներառվի այսօր կայանալիք ԱԺ արտահերթ նիստի օրակարգ: Բանն այն է, որ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այն պետք է քննարկվեր, հաստատվեր, որպեսզի այն ներառվեր օրակարգ, սակայն պարզվել է, որ պատգամավորներից ոչ ոք չի ծանոթացել նախագծին, ու որոշներն էլ համաձայն չեն ձեւակերպումների ու առաջարկվող փոփոխությունների հետ, ինչի համար էլ որոշում է կայացվել այն կրկին հետ ուղարկել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Հիշեցնենք նաեւ, որ նախագծով նախատեսվում էր համայնքի բնակչությանն իրավունք տալ նախաձեռնելու ու տեղական հանրաքվեի դնելու համայնքապետին անվստահություն հայտնելու հարցը: Պատգամավորները նման նախագիծ են ներկայացրել այն բանից հետո, երբ իշխանափոխությունից հետո մի շարք համայնքներում մարդիկ ոտքի կանգնեցին` պահանջելով իրենց գյուղապետի կամ քաղաքապետի հրաժարականը: Այսինքն` նախագծով համայնքի բնակչությունը հնարավորություն կունենար բնակիչների 20 տոկոսի ստորագրահավաքով տեղական հանրաքվե իրականացնել: Եթե այդ հանրաքվեին մասնակցեր ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 40 տոկոսը, ապա հնարավոր կլիներ անվստահություն հայտնել գործող ղեկավարին ու նշանակել նոր ընտրություններ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բագրատյանի հետ:
-Պարո՛ն Բագրատյան, փաստորեն կրկին «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը հետ է ուղարկվել կառավարություն. ինչո՞ւ, մի՞թե հնարավոր չէր այդ ձեւաչափով հանձնաժողովում քննարկել` այն օրակարգ ներառելու համար:
-Մենք նախագիծը կրկին հետ ենք ուղարկել, քանի որ այն լիարժեք չի, հիմա նույնպես խնդիրներ կան մյուս օրենքների հետ, մենք էլ որոշեցինք ընդլայնված քննարկում անցկացնենք, հետո նոր այն դնենք օրակարգ: Նաեւ պատճառներից մեկն այն է, որ պատգամավորների մեծ մասը ծանոթ չէ նախագծին: Նախորդին էին ծանոթ, որը ամբողջովին հակասահմանադրական էր ու այն հետ էր կանչվել կառավարությունից: Հիմա նոր ձեւ էր մշակվել, ամենաշատը տարածքային կառավարման հարցն է քննարկվում, սակայն դրան էլ պատգամավորները չէին հասցրել ծանոթանալ, ժամանակ չեն ունեցել, իսկ նախագծում փոխվեց տրամաբանությունը: Ես կարծում եմ, որ իմաստ չկար այդ ձեւով հարցը քննարկել հանձնաժողովում: Հիմա արդեն հետ ենք ուղարկել կառավարություն, մենք ասում ենք, որ հետ կանչեք նախագիծը, մենք ժամանակ կունենանք քննարկելու, խմբակցություններում ուսումնասիրելու նախագիծը, որովհետեւ մենք այս պահին շտապելու բան չունենք, լավ կլինի եթե այն մանրամասն քննարկենք: Մենք Սուրեն Պապիկյանին խնդրել ենք նախագիծը չբերել հանձնաժողով, ժամանակ տա պատգամավորներին ծանոթանալ` առաջարկություններ ներկայացնելու համար:
-Իսկ Դուք, լինելով նախկին մարզպետ, կարծում եք, որ սա լավագո՞ւյն տարբերակն է համայնքներում տեղի ունեցող խժդժություններին լուծում տալու համար:
-Դուք պատկերացրեք մի բան. եթե համայնքապետը ընտրվել է 50 տոկոսով, ապա մյուս թեկնածուն լուրջ մրցակցության պայմաններում ունենալու է 40 տոկոս: Հիմա այս նախագծի նախնական տեսքով առաջարկվում էր 20 տոկոս ստորագրություններով հանրաքվե անցկացնել, ու եթե 40 տոկոսն էլ կստորագրեին, կստացվեր, որ համայնքի ղեկավարը պետք է հրաժարական տա այն դեպքում, որ եթե, ասենք, այդ համայնքի ղեկավարը ընտրվել է 60 տոկոսով: Բնականաբար, դա արդարացի չէր, դա է նաեւ պատճառը, որ նախագիծը հետ ուղարկվեց: Այս պահին դեռեւս նոր նախագիծ ներկայացված չի, նախագիծը պետք է փոխլրացվի, օրենքների հետ կապված կան խնդրահարույց կետեր. վերջնական տեսքով ընդունելու համար դրանք պետք է քննարկել: Իսկ եթե դրանք դեռ պետք է անենք, մենք շտապելու բան չունենք, մենք կլսնեք բոլորին ու վերջնական կընտրենք տարբերակը:
-Այսինքն` Դուք կո՞ղմ եք, որպեսզի ՀՀ-ում նման մեխանիզմ գործի:
-Մենք կողմ ենք, եթե ապացուցվի, որ համայնքի ղեկավարը պատրաստ չէ իր լիազորությունները իրականացնել, իսկ դա կարող է շատ սուբյեկտիվ լինել: ՄԵնք պետք է հասկանանք, թե ինչ մեխանիզմի միջոցով է ապացուցվելու, թե ինչ մեղավորություն ունի համայնքապետը, պետք է հասկանալ դրա օբյեկտիվությունը: Մենք ցանկանում ենք, որ կառավարությունը ապացուցողական, փաստական հանգամանքներ ներկայացնեն նախագծում, որ մենք տեսնենք անաչառություն կա, եւ ոչ թե սուբյեկտիվություն է: Գուցե իշխանությունը ցանկանում է ներառել իր համար ընդունելի համայնքի ղեկավարներին: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այս մոտեցումը չլինի, անաչառ լինի: Իսկ անաչառության պարագայում մենք կարող ենք քննարկել, մշակել, հասկանալ` որն է այդ ամենի ճիշտ տարբերակը: Մենք կողմնակից ենք բնական ճանապարհին, կողմնակալ վերաբերմունքին մենք կողմ չենք: Պետք է հասկանալ օրենքի տրամանաբանությունը, հետեւանքները, ինչու համար է նման նախագիծ բերվում, ինչ նպատակ է հետապնդում, եւ, ըստ դրա, կձեւակերպենք մեր մոտեցումները: Այս տեսքով մեզ համար ընդունելի չի:

 

 

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐԸ ԳԻՐՔ ԿԿԱՐԴԱ ՈՒ ՏԱՆԸ ԿՀԱՅՏՆՎԻ

Երեկ ԱԺ-ում քննարկվում էր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բարգրատյանի` քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է, ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված կարգով, գրքերի ընթերցանության դեպքում դատապարտյալին, որպես խրախուսանքի միջոց, տրամադրել սոցիալական վերականգնման նպատակով կարճաժամկետ մեկնում:

Հիշեցնենք, որ օրենսգրքի համաձայն` կարճաժամկետ մեկնում տրամադրվում է ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ` հաշվի առնելով դատապարտյալի անձը եւ նրա դրսեւորած վարքագիծը, կատարած հանցագործության ծանրության աստիճանը, ինչպես նաեւ պատիժը կրելու ժամկետը: Դիմումը կարող է մերժվել ուղղիչ հիմնարկի պետի պատճառաբանված որոշմամբ: Կարճաժամկետ մեկնման ժամանակը հաշվվում է պատիժը կրելու ժամկետի մեջ:
Ըստ նախագծի` ծախսերը հոգում է դատապարտյալը, իսկ եթե նա անվճարունակ է, ապա մեկնումների հետ կապված ծախսերը կարող են կատարվել պետության հաշվին: Սահմանված ժամկետում ուղղիչ հիմնարկ վերադառնալուց խուսափող դատապարտյալը ենթակա է քրեական պատասխանատվության: Դատապարտյալին կարճաժամկետ մեկնումներ տրամադրելու կարգը սահմանվում է ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ, որը կողմ չէ նախագծին: «Առաջարկվում է՝ որոշակի գրականություն ընթերցելու համար ՔԿՀ-ներում պատիժ կրող անձինք հնարավորություն ստանան կարճատեւ մեկնել տուն. խրախուսանքի միջոց է դա համարվում: Դրա գնահատման համար պետք է ստեղծվեն հանձնաժողովներ, բայց եկանք այն եզրահանգման, որ այն առանձին կետով չի դառնա օրենքի նախագիծ, այլ քանի որ հիմա ՔՀԿ-ի օրենսգրքի մեծ նախագիծ է մշակվում, դա կմտնի դրա մեջ: Ես կարծում եմ` արհեստական կբարդացնի իրավիճակը, եթե, իհարկե, դրա անհրաժեշտություն չկա»,-հայտարարեց Տ. Ուլիխանյանը:
Բանն այն է, որ մտահոգություն կա այն առումով, որ ՔՀԿ-ում պատիժը կրող անձը կարող է հանուն խրախուսանքի նախատեսված գրքերը կարդալ ու դուրս գալ, որը ավելացնում է հանցագործությունների ռիսկերը: Մեր տեղեկությունների համաձայն` պատգամավորներից շատերի մտահոգությունը կապված է նաեւ այդ հանգամանքի հետ: «Կալանավորը եթե իմանա, որ դրա միջոցով դուրս է գալու, կարող է երկու օրը մեկ գիրք կարդալ ու դուրս գալ: Ըստ էության, դա աբսուրդային է, չի կարելի նման բանի հիման վրա երաշխավորել կալանավորի դրսում հայտնվելը»,-ասաց պատգամավորը:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ՀԱՄԵՐԳ
Երեկվանից խորհրդարանի բակում ակտիվ աշխատանքային եռուզեռ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խորհրդարանի բակում համերգ է նախատեսված, եւ երեկվանից մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները` այսպես ասած, բեմի հավաքումը` մետաղյա կոնստրուկցիաներով: Մենք տեղեկացանք, որ համերգը նախատեսված է հուլիսի 12-ին «Երեւանյան ամառ 2019» ծրագրի շրջանակներում եւ «Երեւան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Ավելին, բոլոր պատգամավորներին հրավերներ են ուղարկվել, որպեսզի անպայման մասնակցեն այդ օրը նախատեսված համերգին:

 

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
Այսօր կառավարության առաջարկով գումարվելու է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Բանն այն է, որ կան մեծ թվով նախագծեր, որոնք պետք է քննարկվեն եւ ընդունվեն մինչ խորհրդարանի արձակուրդ գնալը, եւ դրանց մեծ մասը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով նախագիծը, տեղեկացավ, որ շատ քիչ են այն նախագծերը, որոնք քննարկվելու են առաջին ընթերցմամբ, եւ կրկին խոսքը հենց կառավարության կողմից ներկայացված նախագծերի մասին է: Առաջին ընթերցմամբ քննակվող նախագծերի թվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին եւ այլ նախագծեր:

 

 

 

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՃ
Հայաստանում շինարարության ծավալները աճել են. պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ-ում շինարարությունը 6.1 տոկոսով ավելացել է: Շինարարության մի զգալի մասն իրականացվում է պետական բյուջեի եւ համայնքային միջոցների հաշվին: Այստեղ ունենք էական նվազում: Այս տարվա 5 ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 6.6 տոկոսով նվազել են: Իսկ, ահա, համայնքների միջոցներով իրականացված շինարարության ծավալները 49.1 տոկոսով նվազել են: Համաշխարհային բանկի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նույնպես նվազել են՝ 36.2 տոկոսով: Ի դեպ, մասնավոր հատվածի կողմից իրականացված շինարարության ծավալներն իրականում ավելացել են: Երբ ասում ենք` մասնավոր հատվածի կողմից իրականացված, նկատի ունենք շինարարական ընկերությունների եւ բնակչության կողմից իրականացված շինարարություն: Օրինակ` բնակչության միջոցներով իրականացվող շինարարությունը աճել է 25.3 տոկոսով:




Լրահոս