Քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի բանտարկության 3-րդ տարվա կապակցությամբ շաբաթ օրը Հրազդանում բողոքի ակցիա տեղի ունեցավ: «Մեր Սասունին իրանց ստոր քայլով մեր ձեռքից առան»,-վրդովված ասում էին հրապարակում հավաքված հրազդանցիները` մեծից փոքր: Իսկ երեխաներն էլ «Սասուն» ջոկատի օրհներգի կատարմամբ էին բողոքում: Ակցիայի ժամանակ ներկա գտնվող Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները իրենց խոսքերով ողջունեցին ժողովրդին, Սասունին, Արամին… ՀԱԿ-ի անդամները նախ իրենց ելույթներում վանատուրցիներին կոչ արեցին անպայման մարտի 17-ին Երեւանում ՀԱԿ-ի նախատեսված հանրահավաքին մասնակցել, որի միջոցով էլ ավելի կնպաստեն Սասուն Միքայելյանի, Արամ Բարեղամյանի եւ մյուս քաղբանտարկյալների ազատությանը:Դավիթ Շահնազարյանն իր ելույթում նշեց, որ քաղբանտարկյալներին ազատության մեջ տեսնելու համար պետք է պայքարել. «Եթե ուզում եք Սասունին, Արամին ու մյուս քաղբանտարկյալներին տեսնել ազատության մեջ, պետք է միասնական լինենք եւ մասնակցենք առաջիկա հանրահավաքին»: «Հանարպետություն» կուսակցության անդամ, նախկին քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանն էլ նշեց, որ միմիայն հեղափոխության ճանապարհը կարող է լինել հարցի լուծում. «Սասունն այսօր ավելի ազատ է, քան մենք բոլորս: Այս իշխանությունների հետ խաթրով չենք վարվի, սրանք խաթրով չեն գնա, որի համար մենք պետք է հեղափոխություն անենք, սա է միակ ճանապարհը»,-վստահեցրեց պարոն Այվազյանը: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը հավելեց. «Դուք գիտեք` ոստիկանները գո՞հ են իրենց վիճակից, չէ՛: Մենք արդեն շատ բան ենք արել, ինչպես դուք եք ասում, էշին կերել ենք, պոչից չենք խռովելու»:«Մենք շարունակելու ենք մեր պայքարն անընդհատ, դա անելու ենք այնքան ժամանակ, միչեւ ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, մինչեւ մեր երկրում օրինական իշխանություն կհաստատվի»,-վստահեցրեց ՀԱԿ-ի Հրազդանի կառույցի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը: «Սերժ Սարգսյանը մենակ երգիչ-երգչուհիների հետ է շփվում ու նրանցով է չափում ամեն ինչ: Էդ ո՞ւմ փողերով են «Մերսեդես» առնում: Իրանք ասում են` «Առաջ, Հայաստա՛ն», բայց նաղդի մենք էսօր մենակ տեսնում ենք հետընթաց Հայաստանը»,-վրդովված ասաց ակցիայի մասնակից մի պապիկ: Ակցիայի ավարտից հետո ժողովուրդը երթով շարժվեց արցախյան հերոսամարտում զոհվածների հուշարձանի մոտ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու հերոսներին:Զարմանալի է, բայց փաստ, որ ակցիան անցավ առանց որեւէ խոչընդոտների, քանի որ ոչ մի ոստիկան ներկա չէր բողոքի ակցիային: Սասուն Միքայելյանի քույրը` տիկին Սուսաննան, եւս իր սրտի խոսքն ասաց այդ ամենի վերաբերյալ` շնորհակալություն հայտնելով Վանատուրի բնակիչներին, որոնք երեք տարի շարունակ պայքարել են Ս. Միքայելյանի ազատության համար. «Բոլորն էլ լավ են ճանաչում եղբորս, անգամ երեք տարեկան երեխաներ կան, որոնք, Սասունի նկարը բռնած, երգում են նրա համար: Եղբայրս այդքան նվիրված է, իր առողջությունը դրել է մեր երկրի համար, ցավ եմ ապրում` տեսնելով, թե ինչպես են նրան գնահատում: Պատերազմից հետո նրա օրգանիզմում մնացած բեկորները օր օրի քայքայում են եղբորս առողջությունը: Սասունի ու նրա ընտանիքի հետ նման կերպ չպետք է վարվեին»:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՍԱՍՈՒՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՎԱՆԱՏՈՒՐՑԻՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ