2004 թվականից մեկնարկած ունեզրկումների թեման կդառնա խորհրդարանի քննարկման առարկա: Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Ազգային ժողովում խորհրդարանի ղեկավարի նախաձեռնությամբ տեղի կունենան փաստահավաք խորհրդարանական լսումներ՝ «Պետության կողմից «Հյուսիսային պողոտա-Կասկադ» ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով:
Սա հենց 2004 թվականից մեկնարկած գործընթացին է վերաբերում, եւ խորհրդարանում սա համարում են ունեզրկումների մասով իրականացվելիք անցումային արդարադատության համար լավ մեկնարկ:
Իսկ ի՞նչ ծրագրի մասին է խոսքը. այս մասին մամուլում բազմիցս է գրվել, եւ անգամ կան ՄԻԵԴ գործեր, որոնց արդյունքում մի քանի քաղաքացիներ,որոնք այս ծրագրի հետեւանքով անտուն էին մնացել, փոխհատուցում են ստացել: Նշենք, որ գործընթացը մեկնարկել էր դեռեւս 2000 թվականին եւ իրականացվել նախկին նախագահ, այժմ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի համաձայնությամբ եւ բարձր հովանու ներքո:
Մասնավորապես, ՀՀ կառավարության 2000թ. նոյեմբերի 25-ի «Երեւան քաղաքի հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի մասին» թիվ 774 եւ դրան հաջորդող`«Սեփականության օտարման եւ կառուցապատման համար հատկացման մասին» որոշումներով Հայաստանում սկիզբ դրվեց քաղաքաշինական մեծածավալ ծրագրերի, սակայն դրանք ավելի շատ նշանավորվեցին այդ հատվածում բնակվող քաղաքացիների զանգվածային ունեզրկմամբ եւ տեղահանմամբ, ընդ որում` դրանք կատարվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու իրավունքների խախտմամբ:
Հյուսիսային պողոտայի եւ հետագայում նաեւ Երեւանի կենտրոնի այլ հատվածների կառուցապատման ծրագրերն, ըստ էության, ընդունվել են փակ դռների ետեւում, մի քանի պաշտոնյաների կողմից բացառապես շահույթ ստանալու նպատակներով: Դրա մասին է վկայում Ռոբերտ Քոչարյանի շահագրգռվածությունը շինարարական ծրագրերով, իսկ գործընթացներն իրականացվել են Երեւանի քաղաքապետարանի կողմից: Խախտումների մասին տվյալները բազմաթիվ են եղել. օրինակ` փաստ է, որ Կենտրոնի բնակիչների սեփականության դիմաց առաջարկվող փոխհատուցումը զգալի կերպով ցածր է եղել շուկայական գներից: Դրա ապացույցն են անկախ գնահատողների կողմից կատարված գնահատումների մի քանի անգամ բարձր արժեքները:
Ընդ որում, ՀՀ կառավարության որոշումներով` Երեւանի քաղաքապետին թույլատրվել է հողամասերը տրամադրել կառուցապատողներին առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով:
Օրինակ, Երեւանի քաղաքապետարանը, իր լիազորությունից օգտվելով, հողատարածք է տրամադրել «Վիզկոն» ՍՊԸ-ին, որի տնօրեն Պավել Անդերսոնը 550,000 ԱՄՆ դոլար գումարը փոխանցել է քաղաքապետարան այս մարմնի հետ ուղղակի առնչություն ունեցող մեկ այլ կառուցապատողի` Սիմոն Աղազարյանի միջոցով, որը ժամանակին մեղադրվել է առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը խարդախությամբ տարբեր քաղաքացիներից հափշտակելու համար:
Հետաքրքրական է նաեւ այն, որ մի շարք կառուցապատողներ իրենց կողմից կառուցվող շենքերի նախագծերը պատվիրել են 1999- 2004 թթ. Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի եւ քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող, Երեւանի կենտրոնի քաղաքաշինական ծրագրերի հեղինակ Նարեկ Սարգսյանին:
Եվ հետաքրքիր է, որ կենտրոնի տարածքի կառուցապատողների մի զգալի մասն ունեցել են կասկածելի կենսագրություն եւ տվյալներ: Օրինակ, որոշ ընկերություններ հիմնադրված են եղել կամ տնօրինվել են միեւնույն անձանց կողմից: Օրինակ, նույն Պավել Անդերսոնը հանդիսանում է «Գրադշինինվեստ» ՍՊԸ-ի ու «Վիզկոն» ՍՊԸ-ի տնօրեն եւ «Գապբնակշին» ՍՊԸ-ի հիմնադիր: Գագիկ Պապոյանը «Գապբնակշին» ՍՊԸ-ի ու «Նարեկգրադ» ՍՊԸ-ի տնօրեն եւ «Նարեկ-Շելթեր» ՍՊԸ-ի հիմնադիրն է: Էդուարդ Մելիքյանը «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի, «Էյ Ջի Դիվելըփմենթ» ՓԲԸ-ի, «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի տնօրեն եւ «Ի Էմ Ս» ՓԲԸ-ի հիմնադիրն է:
Սամվել Մայրապետյանը «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի, «Մերկատոր» ՍՊԸ-ի եւ «Պռոգրես-Արմենիա» ՍՊԸ-ի տնօրենն է:
Մի քանի ընկերություններ, ինչպես, օրինակ, «Թայմ Զիրոու» ՍՊԸ-ն եւ «Մակարեդ» ՓԲԸ-ն գրանցված են օֆշորային գոտիներում` համապատասխանաբար Վիրջինյան եւ Բահամյան կղզիներում, ինչը հարցականի տակ է դնում դրանց եկամտի աղբյուրների օրինականությունը: Իսկ, օրինակ,«Գրիար» ՓԲ ընկերության հիմնադիրներից մեկը պետական պաշտոնատար անձ է եղել` ՀՀ Սյունիքի փոխմարզպետ Արա Դոլունցը:
Բացի այս անձանց մասին կասկածելի տվյալներից կառուցապատողներն իրենց գործունեությունը ծավալել են բացարձակ թողտվության եւ անպատժելիության պայմաններում: Օրինակ, «Վիզկոն» ՍՊԸ-ն ստացել է կառուցապատման իրավունք եւ իրականացրել շինարարություն առանց համապատասխան լիցենզիայի:
Եվ հետաքրքիր է, որ այսքանից հետո հենց «Վիզկոն» ՍՊԸ-ի տնօրեն Պավել Անդերսոնը բացահայտումներ էր արել եւ ներկայացրել կոռուպցիոն այն մեխանիզմները, որոնց միջոցով իրականացվել են սեփականազրկման գործընթացները: Նա մատնանշել էրԵրեւանի քաղաքապետարանը, ՀՀ նախագահի աշխատակազմըեւ Հայաստանի դատարանները ներկայացնող պաշտոնատար անձանց կոնկրետ շրջանակ, որոնց անմիջական մասնակցությամբ եւ անձնական շահագրգռվածությամբ տեղի են ունեցել անօրինականությունները, եւ որոնք մշտապես բարձր պաշտոններ են զբաղեցրել:
Եվ այս ամենից ելնելով` երկար տարիներ երկու տասնյակից ավելի ընտանիքներ ստիպված են եղել արդարադատության համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), որը մի շարք գործերով կայացրել է որոշումներ` ճանաչելով ՀՀ քաղաքացիների սեփականության իրավունքի ոտնահարման փաստը: Եվ, ահա, այս ամենը հաշվի առնելով` իշխանություններն այժմ որոշել են գնալ այս ամենի հետքերով եւ հոկտեմբերի 7-ին անդրադառնալ այդ թեմային` ներկայացնելով փաստահավաք տվյալներ:
Նաիրա Հովհաննիսյան