ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իշխող թիմում սրտատրոփ սպասում են քվեարկությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախօրեին նիստ է հրավիրել ու քննարկել է այն հարցը, թե ինչպես կարող են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացից պատվով դուրս գալ: Բանն այն է, որ խմբակցությունում տարբեր պատգամավորների են փորձում գործուղել ԱԺ ԲՀԿ խմբակցություն` հասկանալու, թե ինչու են մինչեւ այժմ դանդաղում իրենց տեսակետը հայտնել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցությունը եւս ամենօրյա ռեժիմով քննարկումներ է ունենում ֆրակցիայում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթացի նախագծի վերաբերյալ: Ըստ մեր աղբյուրների` խմբակցությունում ընդամենը մի քանի պատգամավորներ գիտեն, թե, այսպես ասած, ԲՀԿ-ական իրավաբանների նախագծի ուսումնասիրություններից հետո ինչ եզրակացություն են ներկայացնելու:

ԲՀԿ-ական պատգամավորների մի հատվածը «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում հայտարարում են, որ իրենց համար եւս անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, խմբակցությունում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշմանն են սպասում: Իսկ մենք տեղեկացրել էինք, որ այս թեմայի հետ կապված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Տեսակետ կա նաեւ, որ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ի քվեարկության մեջ է, այլ նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ոչ թիմային աշխատելու, քանի որ անգամ իշխանության ներսում անհասկանալի է, թե, ի վերջո, ինչ ելք կունենա փակ գաղտնի քվեարկությունը, որքան էլ որ խմբակցության նիստերին բոլոր պատգամավորներին հորդորում են անպայման ներկա գտնվել ու կողմ քվեարկել նախագծին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս