ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Իմ քայլ»-ում քննարկումներ են. ինչ անել այլ կարծիքներ ունեցողների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փորձում է թաքցնել ներսում պատգամավորների կողմից տարբեր հարցերի վերաբերյալ անհամաձայնություններն ու տարաձայնությունները, սակայն հենց նրանց կողմից ամենակարեւոր հարց համարվող քվեարկության ժամանակ բոլորովին այլ պատկերի ենք ականատես լինում: Ինչպես հայտնի է, երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը ստացավ 98 կողմ, 1 դեմ եւ 2 քվեաթերթիկ էլ դարձավ անվավեր, եւ, ըստ, էության կասկած չկա, որ դրանք կատարվել են հենց «Իմ քայլը» խմբակցության կողմից:

Այնինչ բոլորովին վերջերս` օգոստոսի 28-ին, «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր արել եւ որոշել, թե ինչպես պետք է վարվեն այն պատգամավորների հետ, որոնք խմբակցության մեծամասնությունից առանձին տեսակետ են արտահայտում: Այդպիսի նախաձեռնության կարիք առաջացավ այն ժամանակ, երբ բուռն քննարկվում էր Ամուլսարի հանքի շահագործման հարցը, այնինչ խմբակցության պատգամավորներին զգուշացված է եղել չխոսել Ամուլսարի հանքի շահագործման թեմայով եւ ոչ մի կարծիք չարտահայտել` լինի դա դեմ, թե կողմ: Սակայն խմբակցությունում եղել էին պատգամավորներ, որոնք ազատորեն արտահայտեցին իրենց կարծիքը եւ չթաքցրեցին, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը եւ, ըստ էության, անտեսեցին «վերեւներից» եկած հրահանգը:

Եվ որոշում է կայացվել, որ այլ տեսակետ ունեցող պատգամավորները չպետք է արտահայտվեն. նրանք նախկինի պես կարող են խմբակցության նիստերի ժամանակ խոսել, դեմ գնալ մեծամասնության տեսակետին, սակայն, ի վերջո, առաջնային է լինելու մեծամասնության տեսակետը եւ որոշում կայացվելու է` մեծամասնության կարծիքը հաշվի առնելով:

Գաղտնիք չէ, որ «անհնազանդ» պատգամավորների թվում է եղել նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որը հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցում եւս տարբերվող տեսակետ է արտահայտվել եւ, առհասարակ, կաշկանդված չի եղել տարբերվող կարծիք արտահայտելուց: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այնպես չէ, որ Վարազդատ Կարապետյանի քայլերը ողջունվում են խմբակցության կողմից, եւ նրան եւս վերջին ժամանակներում զգուշացված է այդպիսի պահվածք այլեւս չդրսեւորել, շատ հարցերում տարբերվող կարծիք չարտահայտել:

Եվ, ահա, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավիճակը փրկելու եւ փոքրամասնությանը պաշտպանելու նպատակով Վարազդատ Կարապետյանը խմբակցությունում հանդես է եկել մի նախաձեռնությամբ, որը, սակայն, մինչեւ օրս անտեսված է: Մասնավորապես, մեր տեղեկություններով` նա առաջարկել է տարբերակներ մտածել` ինչպես անել, որ փոքրամասնության կարծիքը եւս պաշտպանված լինի, նրանք եւս կարողանան իրենց տեսակետը արտահայտեն, անտեսված չլինեն:

Սակայն մեր տեղեկություններով` խմբակցությունում այնքան էլ լուրջ չեն մոտեցել այդ նախագծին, եւ, ըստ էության, նրա կողքին պատգամավորներից ոչ ոք չի կանգնել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Վարազդատ Կարապետյանը, բնականաբար, հերքեց, որ իր վրա խմբակցության կողմից ճնշում է եղել, եւ հայտարարեց, թե երբեք կաշկանդված չի եղել կարծիք արտահայտել եւ այժմ էլ իրեն այդպիսին չի համարում: Ընդ որում, Վարազդատ Կարապետյանը միակ իմքայլականն է եղել, որը դեմ է քվեարկել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի նախագծին: Սակայն Կարապետյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչպես է պատկերացնում հարցի կարգավորումը եւ ինչպես պետք է վարվեն այլախոհների հետ:

«Մենք քննարկում ենք ինչպես անել, որպեսզի բոլոր մարդիկ, ովքեր ունեն այլ կարծիք խմբակցության մեծամասնությունից, կարողանան նույնպես արտահայտվել: Այսինքն` մենք չենք կարծում, որ մարդկանց խոսքը ճնշելը կարող է հանգեցնել արդյունավետ հետեւանքների: Մենք մի քանի փուլ ունենք. առաջին փուլ, երբ հարցը քննարկվում է խմբակցության ներսում, մենք դրանք անում ենք խմբակցության ներսում, մենք հիմա նույնպես քննարկում ենք այդ հարցը` ինչպես անել այն պատգամավորների հետ, ովքեր, ամեն դեպքում, խմբակցության մեջ քննարկված կարծիքը չեն կիսելու վերջում», – նշեց Կարապետյանը:

Նա ընդգծեց, որ տարբերվող կարծիքները օգնում են, որպեսզի ավելի լավ որոշումներ կայացնենք: «Պարզապես պետք է բոլորս հասկանանք, թե երբ ենք այդ կարծիքն արտահայտում, ինչ պայմաններում եւ ինչ նպատակով: Եվ յուրաքանչյուրի նպատակը պետք է լինի արդյունավետ ազդեցությունը», – հավելեց նա: Նա մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ իրենք, ի վերջո, կկարողանան լուծում գտնել առաջիկայում` կապված այլախոհ պատգամավորների հետ, սակայն այս պահի դրությամբ մեկ բան ակնհայտ է` «Իմ քայլը» խմբակցությունը չի ցանկանում ընդառաջ գնալ պատգամավորի ներկայացրած առաջարկությանը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս