Հայ գրականությունը տվել է անուն, որն այսօր մոռացության է տրված, մինչդեռ 100 տարի առաջ նա բավական մեծ համբավ ուներ գրական շրջանակներում: Խոսքը գրող, հրապարակախոս եւ թարգմանիչ Կարա-Դարվիշի մասին է:
Նրա գրական ժառանգությունը կազմում են այս երեք վեպերը՝ «Երվանդ Գոշ», «Կյանքի ջութակը», «Օրերից առաջ», ինչպես նաեւ բանաստեղծություններ, պատմվածքներ ու հոդվածներ: Ի դեպ, ընդունված է Կարա-Դարվիշին համարել հայկական ֆուտուրիզմի նախակարապետը: Ժամանակակիցները այս գրողին հիշում են որպես էքսցենտրիկ, ներքին հակասություններով լի անձնավորություն: Նա իր ողջ կյանքում գրական շրջանակներում այդպես էլ մնաց որպես «սպիտակ ագռավ», մեծարվեց օտարներից, բայց մերժվեց յուրայիններից:
Եվ, ահա, հայկական հրատարակչություններից մեկը ասպարեզ է վերադարձրել մեծ գրողին: «Կյանքի ջութակը» վերահրատարակված գրքի խմբագիր Հովիկ Չարխչյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նկատեց, որ Կարա-Դարվիշը ժամանակին նշանակալի դերակատարում ուներ տարաբնույթ եւ բազմաճյուղ գրական հոսանքների կայացման, շերտավորման ու դրսեւորման գործընթացներում. «Մեր մշակույթի պատմությունը դեռ լի է սպիտակ էջերով: Բազմաթիվ նշանավոր անհատներ, արվեստի մշակներ հանիրավի մոռացության են մատնվել, եւ այսօր նոր սերնդի կարեւորագույն առաքելություններից մեկը պիտի լինի այդ անունների վերադարձը: Դա առաջին հերթին պետք է ապրողներիս: Ստեղծագործական այն ժառանգությունը, որ մեզ են թողել մոռացվածները, միայն ու միայն հարստացնելու է հայկական մշակույթը, ապահովելու է անխափան կապը անցյալի ու գալիքի միջեւ»:
«Ես ֆուտուրիստ եմ- հպարտ ու գոռոզ կուռքերու փշրողն եմ, հաստատուն պատվանդանների գլորողը, նվիրական արձաններու ջարդող վանդալը:
Ես խելառ սիրահար եմ- բոցավառ համբույրներ եմ դրոշմում գեղեցկուհու կուրծին եւ կատաղի թեւերով սեղմում բուռն, փոթորկոտ եւ տարփալից գրկումս:
Ես ամեն ինչ եմ եւ ոչինչ եմ:Ես Կարա-Դարվիշն եմ»-ինքն իր մասին ասել է գրողը:
Հավելենք, որ Կարա-Դարվիշի իսկական անունն է Հակոբ Գենջյան: Նա ծնվել է 1872 թվականին Ստավրոպոլում, մահացել է 1932 թ. դեկտեմբերի 16-ին Թիֆլիսում:
Աննա Բաբաջանյան