«ՆՈՂԿՈՒՄ ԵՄ ՄԵԶ ՇՐՋԱՊԱՏՈՂ ԷԺԱՆԱԳԻՆ ՀՈՒՄՈՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ռադիո եւ հեռուստահաղորդավար Ժակն է: Նա անդրադարձել է իր իրականացած երազանքին, կին-տղամարդ հարաբերություններին, ամուր ընտանիք ունենալու գրավականներին: Ժակը խոսել է նաեւ այն կորստի մասին, որի հետ մինչեւ օրս չի կարողացել համակերպվել:

-Ժա՛կ, մանուկ հասակում երազում էիք…
-Լինել Ֆրանսիայում, մասնավորապես` Փարիզում: Պատանի հասակում եւս պահպանվել էր այդ երազանքը` Ֆրանսիայի հանդեպ առանձնահատուկ սերը, ֆրանսերենի հանդեպ հետաքրքրությունը: Արդյունքում իմ անունը` Հակոբը, վերածվեց Ժակի: Ստեղծվեց իմ բեմական անունը:
-Մի բան, որ հստակ հասկացել եք այս տարիների ընթացքում…
-Որ ոչ մի բան էլ մինչեւ վերջ չեմ հասկանալու:
-Ո՞րն եք համարում Ձեր մեծագույն ձեռքբերումը:
-Եթե շատ պարզ, երկու երեխաս:
-Կորուստ, որի հետ դժվարությամբ եք հաշտվել:
-Ցավոք, մինչեւ հիմա էլ չեմ հաղթահարել հորս կորուստը: Շատ դժվար է եւ ծանր:
-Փող աշխատելու մոլուցքով երբեւէ տառապե՞լ եք:
-Ներքին բավարարվածություն կա այդ առումով, որը երբեմն նույնիսկ խանգարում է անել ավելին: Միտքս տեսնում է հնարավորը, բայց գնահատում եմ այն, ինչ այս պահին ունեմ, այնպես որ, մոլուցք բացարձակ չկա: Ես ժամանակ չունեմ հաճախ այդ ուղղությամբ մտածելու: Անգամ մեքենաս փոխելու գործը հաճախ ընկերներս, հարազատներս են ստանձնում:
-Ձեր ո՞ր հատկանիշի համար է Ձեր կինը գովում Ձեզ:
-Երեւի բարության, մարդկային լինելու: Եվ հետո` սիրելու համար պատճառներ պետք չէ փնտրել. սիրում են առանց պատճառների:
-Կինը գեղեցիկ է, երբ …
-Սիրված է, ինքնավստահ, լցված է կյանքով:
-Հումորը Ձեր կյանքում ի՞նչ դեր ունի:
-Նողկում եմ մեզ շրջապատող վատ, էժանագին հումորից: Սիրում եմ, երբ կատակում են մարդիկ, որոնք ունեն կշիռ, գիտելիք, իրենց տեսակով արդեն հարգանք են վայելում, եւ երբ բացահայտում ես, որ նրանք մի բան էլ հումորով են, շատ հաճելի է լինում: Ինքս սեւ հումոր սիրում եմ, բայց դա նախատեսված է հաշված թվով մարդկանց համար: Մեծամասնությունը չի հասկանում սեւ հումորս, լայն զանգվածների համար ես չեմ համարվում հումորով մարդ, իսկ ընտրյալները գիտեն, որ ինձ մոտ երբեմն ստացվում է կատակել:
-Երգ, որը միշտ Ձեր փլեյլիստում է, որից երբեք չեք հոգնում:
-Ինձ համար շատ բարդ է առանձնացնելը, բայց փորձեմ` Սթիվի Ուանդերի «Never dreamed, you՚d leave in summer», Մայքլ Ջեքսոնի «Speechless», Ջորջ Մայքլի «Older» երգերը:
-Կենցաղում կա՞ մի աշխատանք, որ տանել չեք կարողանում:
-Իմ մասնագիտությունն է, որով բարեբախտաբար չաշխատեցի: Պրակտիկայի ժամանակ զգացի… Հողաշինարարության բաժնի ուսանող էի: Արեւի տակ կանգնելուց, չափումներ անելուց հետո ինձ թվում էր` կյանքը կողքովս հոսում էր, անընդհատ ինքս ինձ հարցնում էի, թե ինչ գործ ունեմ այդտեղ: Ոչ մի օր չեմ աշխատել այդ մասնագիտությամբ:
-Կին-տղամարդ հարաբերություններում ի՞նչը կարող է Ձեզ հոգնեցնել:
-Նախ պետք է միմյանց հանդեպ ուշադրություն լինի եւ հետաքրքրություն: Կյանքը կարող է հոգնեցնել, երբ դու հրաժարվում ես լինել նախաձեռնող, սկսում ես հոսքով գնալ: Դա ամենասարսափելին է: Միշտ պետք է մնալ եռանդուն, ակտիվ:
-Ընտանիքի կայացման գրավականը, բացի սիրուց:
-Պետք է «տեղավորվել» մոտ արժեքային համակարգերում, նույն ուղղությամբ նայել, օժտված լինել պատասխանատվության զգացումով:
-Հիմա ի՞նչ գիրք եք կարդում:
-Չակ Պալանիկի «Մարտական ակումբ»-ը: Ֆիլմը ժամանակին ինձ վրա մեծ ազդեցություն է թողել, ուզում եմ գիրքն էլ կարդալ: Լսել եմ գովեստի խոսքեր, մարդիկ ապշած են…
-Նշե՛ք մի երազանք, որ իրականացել է, եւ մեկը, որ չի իրականացել:
-Դե Ֆրանսիայում լինելու երազանքս բազմիցս իրականացել է: Հիմա մեծ երազանքներ չունեմ, սպասում եմ, որ դրանք ծնվեն: Հիմա կան նպատակներ, որոնց ձգտում եմ հասնել:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 

«ՓՅՈՒՆԻԿԸ» ՓՐԿՎԵՑ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԻՑ
Երեկ` հուլիսի 11-ին, Գյումրու քաղաքային մարզադաշտում կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Փյունիկ»-«Շկուպի» հանդիպումը: Չնայած որ հայկական թիմը խաղի ընթացքում պարտվում էր 1:3 հաշվով, կարողացավ վերջնամասում հեղինակել երկու գոլ եւ փրկվել պարտությունից: Մեր թիմի կազմում մեկական անգամ աչքի ընկան Էրիկ Վարդանյանը(4‘), Մաքսիմ Ժեստակովը(80‘) եւ Էդգար Մանուչարյանը(86‘): «Շկուպիի» կազմում դուբլ ձեւակերպեց Բայրամին (26‘,60‘), իսկ մեկ անգամ էլ իր անունը լուսատախտակին վառեց Իլիեսկին (43‘): Ամեն ինչ կորոշվի Մակեդոնիայում:

 

 

 

ԿՐԿԻՆ ԱՆԳԼԻԱ
Ինչպես տեղեկացնում է իտալական Sky Italia-ն, Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Գոնսալո Իգուայինը կարող է տեղափոխվել Անգլիա: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Վեսթ Հեմը»: Նշվում է, որ արգենտինացին կարող է դառնալ Մարկո Արնաուտովիչի փոխարինողը թիմում, որը տեղափոխվել է Չինաստան: Գոնսալոյի համար լոնդոնցիները կարող են վճարել 40մլն եվրո:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս