Վարչապետն ընդունել է WCIT 2019-ի պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին կառավարությունում հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին՝ Բուլղարիայի փոխվարչապետ Մարիյանա Նիկոլովային, Աֆղանստանի հեռահաղորդակցության և ՏՏ նախարար Ֆահիմ Հաշիմիին, Իրանի հաղորդակցության և ՏՏ նախարար Մոհամմադ Ջահրոմիին, Մոլդովայի ենթակառուցվածքների և էկոնոմիկայի նախարար Վադիմ Բրինզանին, Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար Խուլիո Նետոյին, Բանգլադեշի հաղորդակցության, փոստի և ՏՏ նախարար Զունաիդ Ահմեդ Պալակին, Եթովպիայի ինովացիաների և տեխնոլոգիաների նախարար Սիսայ Տոլա Յադետեին, Էստոնիայի ԱԳՆ թվային հարցերով դեսպան Տոնիս Նիրկին, Մալայզիայի Պենանգ նահանգի նահանգային նախարար Չոու Կո Յեուին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։

Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի հյուրեր,

ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի կառավարությունում:

Մեր երկրի համար WCIT-ի նման կարևոր առիթը լավ հնարավորություն է՝ քննարկելու մեր երկրների միջև համագործակցության հեռանկարները: Ինչպես ես նշեցի իմ բացման խոսքում, տեխնոլոգիական ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները մեր գերակայությունների շարքում են, և ես հուսով եմ, որ այս շատ կարևոր միջոցառմանը կհաջորդի այս սեկտորի զարգացման ևս մի ալիք:

Մեր երկրի համար կարևոր է գործել ՏՏ ոլորտում միջազգային համագործակցության շրջանակում. գաղտնիք չէ, որ բարձր տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում արդի միջազգային հարաբերություններում՝ առնչվելով անվտանգությանը, դիվանագիտությանը, մարդկանց միջև շփումներին: Ամբողջ աշխարհում ՏՏ-ն ամենադինամիկ զարգացող ուղղություններից է, և այստեղ ևս մեկ կարևոր նյուանս կա՝ հնարավոր չէ զարգացնել տեխնոլոգիական ոլորտն առանց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության, այսինքն՝ այսօր հնարավոր չէ ունենալ զարգացած տեխնոլոգիաներ առանձին վերցրած մեկ երկրում, և մենք պետք է ստեղծենք միջազգային համագործակցության դաշտ։ Ուրախ եմ, որ դուք մասնակցում եք այս համաժողովին՝ իրականացնելով տարբեր երկրների, կառավարությունների, ընկերությունների հետ բազմակողմ գործակցության պլատֆորմ ստեղծելուն միտված ձեր առաքելությունը։ Եվ ես հուսով եմ, որ համաժողովը այնքան լավ է կազմակերպված, որ այն թույլ կտա ձեզ հասնել ձեր առջև դրված նպատակներին։

Եվս մեկ անգամ ուրախ եմ ողջունել ձեզ մեր երկրում: Հուսով եմ, որ դուք կվայելեք մեր հյուրընկալ երկրի և ժողովրդի ջերմությունը։ Հայերն ավանդաբար շատ լավ են վերաբերվում հյուրերին և աշխատում են անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի հյուրերը կարողանան լիարժեք վայելել իրենց կեցությունը մեր երկրում։ Հուսով եմ, որ դուք ձեզ շատ լավ կզգաք մեր երկրում, և մեր թիմը լավագույնս կատարել է իր առջև դրված խնդիրը։ Շնորհակալություն ուշադրության համար։

Ես պատրաստ եմ քննարկել ձեզ հետ օրակարգային հարցեր, ինչպես նաև պատասխանել ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Անշուշտ, բազմաթիվ երկրների հետ մենք ունենք սերտ կապեր այս ոլորտում, և ես կցանկանայի օգտագործել պատեհությունը՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այդպիսի երկրների հետ, ինչպես նաև նախաձեռնելու գործարար կապեր այն երկրների հետ, որոնց հետ դեռևս չունենք ակտիվ շփումներ։ Կրկին շնորհակալ եմ։ Մեզ համար մեծ պատիվ և հաճույք է ձեզ այստեղ հյուրընկալելը»:

WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի հաջող, տպավորիչ բացման և այն պատշաճ մակարդակով կազմակերպելու կապակցությամբ: Նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու կապակցությամբ, ինչը շատ լավ առիթ է և հնարավորություն՝ ինչպես համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, այնպես էլ Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար:

Վարչապետը և WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգի, ինչպես նաև թե՛ տեխնոլոգիական, թե՛ այլ ուղղություններով գործընկերային կապերը զարգացնելու հնարավորությունների շուրջ:




Լրահոս