«Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրում հայ մշակութային գործիչ, կոմպոզիտոր, երգիչ, երաժիշտ Վահան Արծրունուց՝ Մեսրոպ Մաշտոցի շարականի նրա մշակումից 29 վայրկյան տևողությամբ հատված Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 6-ին WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգին առանց կոմպոզիտորին տեղյակ պահելու ներկայացնելու համար:
WCIT 2019 համաժողովի բացման պաշտոնական համերգը երկարատև, մեծ և պատասխանատու աշխատանք էր պահանջում, և «Մեցցո Պրոդաքշն» ընկերության թիմը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել նման լայնամասշտաբ և աննախադեպ համերգի կազմակերպման գործին:
«Այնուամենայնիվ, տեղի է ունեցել թյուրիմացություն, որի կապակցությամբ հայցում ենք Վահան Արծրունու ներողամտությունը: Այսուհետև առավել ուշադիր կլինենք հետագա աշխատանքներում՝ նմանատիպ բացթողումներից խուսափելու նպատակով: Ուրախ ենք, որ համերգը մեծ արձագանք է գտել ոչ միայն հայ, այլև համաշխարհային հանդիսատեսի շրջանում՝ արժանանալով նման բարձր գնահատականի:
Առաջիկայում պատրաստվում ենք էլ ավելի աննախադեպ նախագծեր ներկայացնել հայ ունկնդրին:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին, բոլոր նրանց, ովքեր աջակցել են համերգի իրականացմանը»,- նշում է միջոցառման և ընկերության գլխավոր պրոդյուսեր Կամո Մովսեսյանը: