
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության նիստ:
Նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննարկման ձևաչափը ազատ էր, ամենատարբեր հարցեր են քննարկել:
«Քննարկվել են ոստիկանական համակարգում հնարավոր ռեֆորմները, ինչ հայեցակարգ ենք ուզում տեսնել, և ինչպես դրանք մշակել: Խոսքը համապարփակ ռեֆորմների մասին է, որովհետև կա անհրաժեշտություն, որ ոստիկանության համակարգում իրականացվեն որոշակի բարեփոխումներ` սկսած օրենսդրական նախաձեռնություններից մինչև ամենատեխնիկական հատվածը»,-ասաց նա:
Լիլիթ Մակունցը նշեց, որ խոսվել է նաև Ամուլսարի հանքի շահագործման մասին և վերահաստատվել է այն ուղին, որով պատրաստվում են ընթանալ: «Չկա ընդհանրապես հանք ունենալու կամ չունենալու խնդիր դրված, խնդիրը դրված է օբյեկտիվ կերպով հասնել ճիշտ ճանապարհին»,-ասաց նա: Հարցին, թե վարչապետը գոհ էր խմբակցության աշխատանքից, նա ասաց` կարծես, այո: