Երեւանի սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկը կունենա 853 աշխատակից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի սանմաքրման եւ աղբահանության համայնքային հիմնարկը, որը ստեղծվել է այս տարվաապրիլին, նախատեսվում է համալրել եւս 206 աշխատակցով: Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց ավագանու այսօրվա նիստում:

Այդպիսով, նշված հիմնարկի աշխատակիցների ընդհանուր թիվը կհասնի 853-ի: «Այս փուլում դա աշխատակիցների այն քանակն է, որի միջոցով հնարավոր կլինի պատշաճ աղբահանություն իրականացնել»,- ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը:

Ավելացվող հաստիքներից 150-ը հավաքարարի հաստիքներ են: Նախկինում հաստատված հաստիքացուցակով նույնպես 150 այդպիսի աշխատատեղ էր նախատեսվել: Այն ժամանակ փոքր թիվը պատճառաբանվում էր, որ քաղաքի մաքրությունը կազմակերպվելու է նաեւ փոշեկուլների միջոցով, հետեւաբար մարդու աշխատանքի կարիքն այդքան մեծ չի լինի: Այժմ հավաքարարների լրացուցիչ պահանջարկը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ փոշեկուլների ձեռքբերման գործընթացը ժամանակատար է, ու մինչ այդ անհրաժեշտ է հոգալ մայրաքաղաքի մաքրության հարցը:

«Ինչ վերաբերում է ֆինանսական բեռին, ապա բազմիցս նշել ենք, որ մեր սանմաքրման եւ աղբահանության հիմնարկի ծախսային բյուջեն որեւէ դեպքում չի գերազանցելու նախկինում «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի սահմանաչափը, այն է՝ 5 մլրդ 170 մլն դրամ այս տարվա համար: Բայց «Սանիթեքի» հետ կնքված պայմանագրում այս թիվն ինդեքսավորվող թիվ էր, եւ յուրաքանչյուր տարվա վերջին այդ գումարը վերահաշվարկվում էր: Մեր պարագայում դրա անհրաժեշտությունը չի լինելու, բայց քաղաքապետարանն առավելագույն ջանքերով, ամենաքիչ գումարով իրականացնելու է աշխատանքները»,- ասաց նա:




Լրահոս