Բյուջե 2020. Սևանա լճի շինությունները կապամոնտաժվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով Ազգային ժողովում կսկսվեն 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Սկզբում քննարկումները ոլորտ առ ոլորտ կծավալվեն համապատասխան հանձնաժողովներում, ապա, ամփոփելով արդյունքները, փաստաթուղթը կքննարկվի Ազգային ժողովի լիագումար նիստում: Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է բյուջեի նախնական ծրագիրը:

Ըստ այդմ, 2020 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով` 1,743.4 մլրդ դրամ, բ. ծախսերի գծով՝ 1,926.0 մլրդ, գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182.6 մլրդ դրամ: Իսկ, ահա, Հայաստանի Հանրապետության համայնքների 2020 թվականի բյուջեները գնահատվում են՝ եկամուտների գծով՝ 143.4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 143.4 մլրդ դրամ: Ընդ որում, 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը չի շարունակի 2020 թվականի բյուջետային տարվա պարտավորությունների գծով գործառնությունների ձեւակերպումների իրականացումը:

Գաղտնիք չէ, որ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծն այս սպասվելիք ցուցանիշների առումով աննախադեպ է համարվում: Օրինակ` նույն 2019 թվականի համախմբված բյուջեն գնահատվել է եկամուտների գծով` 1,539.5 մլրդ դրամ , ծախսերի գծով` 1,691.1 մլրդ դրամ, դեֆիցիտը 151.6 մլրդ դրամ: Իսկ, ահա, համայնքների բյուջեն գնահատվել էր եկամուտների գծով` 139.6 մլրդ դրամ, ծախսերի գծով` 139.6 մլրդ դրամ: Այսինքն, այստեղ թվային փոփոխություններն ակնհայտ են:

Բացի այդ, այս բյուջեի նախագծում առանձնացված են նաեւ գործողություններ եւ ֆինանսական միջոցներ, որոնք պետք է 2020 թվականին կատարվեն: Օրինակ, պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին. սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման եւ հողի ու անշարժ գույքի ամբողջական փոխհատուցման նպատակով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախատեսում է 2020 թվականին տրամադրել 800 հազար դրամ:

Օրինակ` 2020 թվականին միջոցառումներ են նախատեսված Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման եւ օգտագործման համար: 2020 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունը նախատեսում է «Սեւան ազգային պարկ»-ի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպում իրականացնել, որն արվելու է պարկի սեփական միջոցների եւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Բացի այդ, Շրջակա միջավայրի նախարարությունն արդեն Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համատեղ նախատեսում է իրականացնել Սեւանա լճի եւ նրա ջրհավաք ավազանի գետերի ջրերի աղտոտվածության մոնիթորինգի իրականացում, ինչպես նաեւ Սեւանա լճում եւ նրա ջրհավաք ավազանում հիդրոկենսաբանական եւ հիդրոօդերեւութաբանական մոնիթորինգի իրականացում:

Սակայն սրանով միջոցառումները չեն ավարտվում, եւ նախատեսվում է Սեւանա լճի շրջակայքում իրականացնել անտառամաքրման աշխատանքներ, եւ տեղի կունենա ջրածածկ եւ ջրածածկման ենթակա անտառաշերտերի մաքրում, որը կազմում է 271 հա: Մեկ այլ հետաքրքիր կետ է ամրագրված նախագծում` կապված Սեւանա լճի շրջակայքում ջրի տակ մնացած շինությունների հետ:

Մասնավորապես, դրանք 2020 թվականին ենթակա են ապամոնտաժման, սակայն ինքնակամ կառուցված շենք-շինությունների սեփականատերերի նախաձեռնությամբ եւ հաշվին: Բացի այդ, տեղի կունենա թափոնների մշակում: Իսկ, ահա, ապամոնտաժումը կիրականացվի 1901.5 մ բացարձակ նիշից ներքեւ գտնվող 394 շենք-շինությունների պարագայում, եւ ընդգծված է, որ դա կիրականացվի համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում:

Ինչպես արդեն նշեցինք, 2020 թվականի բյուջեն իր մեծությամբ այսօր աննախադեպ է որակվում։ Եկող տարվա բյուջեի եկամուտների մասը շուրջ 200 միլիարդ դրամով ավելի է այս տարվա պլանավորած չափից, իսկ ծախսերն ավելի է շուրջ 240 միլիարդ դրամով։ Սակայն հետաքրքիր է, որ վերջին օրերին շատ մասնագետներ 2019 թվականի բյուջեն են աննախադեպ համարում, այլ ոչ թե գալիք տարվա բյուջեն: Բանն այն է, որ դիտարկելով մակրոտնտեսական ցուցանիշները` երեւում է, որ ՀՆԱ-հարկեր հարաբերությունն ընդամենը 1,2 տոկոսով է ավելանում։ Ավելին, մակրոտնտեսական ցուցանիշներով նախատեսված է 4,3 տոկոս տնտեսական աճ՝ այս տարվա նախատեսված 6,9 տոկոսի փոխարեն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս