ArmLur.am-ի տեղեկություններով՝ սպանված 31-ամյա տղամարդն ամուսնացած չէր, ապրում էր ծնողների հետ: Ըստ մեզ հասած լուրերի՝ Սամվել Կարապետյանը գյուղում շատ լավ համբավ ուներ, գյուղացիների կողմից հարգված ընտանիքից էր:
Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն՝ «ռազբորկա» է եղել՝ վիճաբանություն, քաշքշուկ, որին, սակայն, հաջորդել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Արսեն Համբարձումյանի կողմից արձակված կրակոցը, որը ճակատագրական է եղել է 31- ամյան Ս. Կարապետյանի կյանքի համար:
Ինչպես արդեն հայտնել էինք, որ երեկ հրազենի գործադրմամբ հերթական սպանությունն է տեղի ունեցել Արարատի մարզի Գեղանիստ համայնքում:
Ժամը 22:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մալաթիայի բաժին, որ «հրազենային բազմաբեկոր պոլիտրավմա» ախտորոշմամբ, արտաքին արյունահոսությամբ հեմորագիկ շոկով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Նշենք, որ երիտասարդը որոշ ժամանակ անց հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:
Ս. Կարապետյանին հրազենային վնասվածքները պատճառել է համագյուղացի, 34-ամյա Արսեն Համբարձումյանը՝ Գեղանիստ գյուղի կենտրոնական փողոցի 35 հասցեի դիմաց՝ որսորդական ողորկափող հրազենով:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալ Ա. Համբարձումյանին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Լիդա Եղիազարյան