Մենք խիստ իրավական գործընթաց ենք սկսել. պատգամավորը՝ ՍԴ որոշումից հետո իրենց անելիքների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս օրերին իմքայլականներն ու հատկապես ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները փորձում են ելքեր գտնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցը վարույթ չընդունելուց հետո իրենց անելիքների մասով:

Բանն այն է, որ իմքայլականները հայտնվել են տհաճ իրավիճակում, քանի որ մշտապես հայտարարել են, որ իրենք բոլոր պարագաներում ունեն իրենց քայլերը իրավական դաշտում հարցին լուծում տալու համար: Սակայն ՍԴ-ի կողմից հարցը վարույթ չընդունելուց հետո իշխանության ներկայացուցիչները հայտնվել են ցայտնոտային իրավիճակում:

Ըստ մեր տեղեկությունների` թե՛ հանձնաժողովում, թե՛ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների աշխատասենյակներում ամենօրյա ռեժիմով քննարկվում է, թե ինչպես կարող են Հ. Թովմասյանին «հաղթել»: Իհարկե, երեկ արդեն հայտնի դարձավ, որ ՀՔԾ-ն մի մասով քրգործ հարուցել է Հրայր Թովմասյանի նկատմամբ:

Հավելենք, որ երեկ երեկոյան «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել՝ դարձյալ քննարկելով Թովմասյանի հարցը:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանի հետ:

-Տիկի՛ն Բաղդասարյան, արդյոք Ձեր խմբակցությունում ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկե՞լ եք, թե Սահմանադրական դատարանի մերժումից հետո ինչ քայլերի պետք է դիմեք, որպեսզի իրավական հիմքերով դադարեցնեք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները: Իշխանության ներկայացուցիչները մշտապես հայտարարել են, որ ամեն պարագայում Դուք ունենալու եք ձեր քայլերը. որո՞նք են դրանք:

-Քննարկում չենք ունեցել, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկուշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրված: Այդ օրը կքննարվի հարցը, թե ոչ, այս պահի դրությամբ որեւէ բան չեմ կարող ասել, միգուցե քննարկենք: Կուսումնասիրենք որոշումը Սահմանադրական դատարանի ու արդեն հարցը կքննարկենք, այս պահին գոնե ինձ հասանելի չէ:

-Բայց ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունները չունեն այն իրավական քայլերը, որով կկարողանան Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնել, այսինքն` ընդդիմադիրների մեծամասնության կարծիքով` իրավական առումով հարցի քննության ընթացակարգերն արդեն ավարտվել են: Դուք համակարծի՞ք եք:

-Չէ, նման բան չկա: Ամեն դեպքում, եթե մենք խնդիր ենք տեսնում, որ Սահմանադրական դատարանը` որպես պետական ինստիտուտ, իր` Սահմանադրությամբ վերապահված գործառույթները կամ իր առաքելությանը համապատասխան չի գործում, ու տրամաբանորեն եթե այդ խնդիրը մենք մեր առաջ դնում ենք, ապա հաջորդական քայլերով պետք է հասկանանք, թե ինչ ենք անում: Այս անգամվա վարույթ չընդունելը եւս մեկ ապացույց է, որ Սահմանադրական դատարանը խուսափողական վարքագիծ է դրսեւորում եւ պատասխանատու գործերի համար չի ուզում, այսպես ասած, պատասխանատվություն ստանձնել:

Տրամաբանորեն մենք էլ մեր հերթին պետք է դիմենք համապատասխան քայլերի, որովհետեւ, որպես պետական կառույց, եթե տեսնում ենք, որ մի պետական ինստիտուտը չի աշխատում, մյուսը պետք է կարողանա այդ կառույցի նկատմամբ օրենքով սահմանված քայլերի դիմի: Իսկ օրենքով սահմանված այլ քայլեր կան, որի հաջորդականությունը, կարծում եմ, առաջիկայում պարզ կլինի: Անշուշտ գործողությունները կամ քննարկումները սրանով չեն սպառվում, օրենքը մեզ է տալիս տարբեր եղանակների դիմել: Փաստացի մենք հասկացանք, որ այդ կառույցը անգործության է մատնված ու չի ցանկանում անգամ գործ սկսել, քննել, վարույթում գործ ունենալ: Ինձ համար, որպես իրավաբան, որպես պատգամավոր ընդունելի էր անգամ, որ վարույթ ընդունեին ու հետո մերժեին, դա նույնպես պատասխանատվություն է, որ մենք հասկանայինք, որ այդ կառույցը ունի այդպիսի դիրքորոշում: Բայց որ վարույթ չեն ընդունում, դա ինձ համար արդեն անհասկանալի է, չեմ կարող ասել, անսպասելի, բայց անհասկանալի է:

-Կարծես թե ինշխանությունները, իրավական առումով հիմքեր չգտնելով, սկսել են ճնշումներ գործադրել Հ. Թովմասյանի հարազատների վրա, անգամ նրա հորն են ԱԱԾ հրավիրել: Ինչո՞ւ է ամեն օր օղակը սեղմվում Թովմասյանի շուրջ, եթե իրավական գործընթացներ, ըստ Ձեզ, դեռ կան:

-Ինձ հասանելի չի, այդ ինֆորմացիան: Եթե խնդիր չլիներ, կարծում եմ չէին հրավիրի: Ես, ամեն դեպքում, կողմ եմ իրավական ընթացակարգերին ու էլի եմ պնդում, որ մենք խիստ իրավական գործընթաց ենք սկսել:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս