ArmLur.am-ը Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարց է ուղղել , թե ինչու է գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը հրաժարվում մասնակցել հանձնաժողովի նիստերին: Ի պատասխան մեր հարցման՝ Քոչարյանը թույլ է տվել լուսանկարել Տեր-Գրիգորյանցի պատասխանը, որտեղ Տեր-Գրիգորյանցը խնդրել է հոգալ ավիատոմսի, մնալու վայրի ծախսերը՝ նշելով, որ ընդունում է առաջարկը՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին.
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել էր Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, որը, ի պատասխան մեր հարցի, թե արդյոք հնարավոր է հրաժարվի մասնակցել հանձնաժողովի նիստերին, վերջինս պատասխանել էր.
«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա: Գիտեք ինչո՞ւ. որովհետեւ երբ պատերազմ է գնում, ու դրանից հետո ինչ-որ մեկին դատում են նրա համար, որ նա սխալ է արել կամ պարտվել է, դա պետք չի անել, ես դա չեմ ընդունում: Լավ բանի համար կարելի է խրախուսել, իսկ պատժելը վտանգավոր է, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի ուզենա բանակում մնալ, պատերազմի ժամանակ գնալ ու կռվել: Բոլորն էլ կասեն` դե գնացեք, դուք կռվեք: Բայց եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի ուզեն իմանան, թե ինչու ենք այդքան զոհեր ունեցել, ինչու ենք տարածքներ կորցրել, ինչու այդպես ստացվեց, մենք դրանից էլ հետեւություններ կանենք եւ կվերացնենք թերությունները, ապա դա ճիշտ կլինի»: