Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն, ես չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային Ժողովի` Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, որոշում է կայացրել սեպտեմբերից հանձնաժողովի նիստերի աշխատանքներին ներգրավել նաեւ ՊՆ պրոֆեսիոնալների, որոնք կկարողանան իրենց օգնել բացահայտել 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները: Բանն այն է, որ հանձնաժողովի անդամները այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց միայնակ չի հաջողվելու պարզել բոլոր հանգամանքերը: Ինչո՞ւ. որովհետեւ հանձնաժողովում ներգրավված են այնպիսի մարդիկ, որոնք մասնագիտական կամ անգամ կենսափորձ չունեն եւ ի վիճակի չեն հարցուփորձ անել մարդնկանց, որոնք ներկայանում են հանձնաժողով՝ բացատրություններ տալու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովում որոշում կա արդեն սեպտեմբերից իրենց աշխատանքներին մասնակցելու հրավեր ուղարկել ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին, ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, Ազգային անվտանգության ծառայությունից հետախուզության ներկայացուցիչ, պրոֆեսիոնալ իրավաբանի, որոնք քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ կտան իրենց խորհուրդները ու կհուշեն, թե ինչ պետք է անեն պատերազմի մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ, որն այս պահին գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Մեր զրուցակիցն ասաց, որ դեռեւս հանձնաժողովից հրավեր չի ստացել:

-Պարո՛ն Տեր-Գրիգորյանց, տեղեկություններ կան, որ խորհրդարանում ձեւավորված քննիչ հանձնաժողովը նպատակ ունի Ձեզ ներառել հանձնաժողովի աշխատանքներում, որպեսզի Դուք Ձեր խորհուրդներով կարողանաք իրենց օգնել բացահայտելու Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր հանգամանքները: Դուք արդեն ստացե՞լ եք հրավեր:

-Գիտեք ինչ, ինձ դեռեւս ոչ մի մարդ չի զանգահարել, գուցե Անդրանիկ Քոչարյանը զանգել է, բայց ես զբաղված եմ եղել ու չեմ կարողացել պատասխանել: Գուցե զանգել է կամ ասել է, որ զանգելու է, բայց ես դեռեւս որեւէ զանգ չեմ ստացել, չգիտեմ:

-Բայց եթե ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ձեզ առաջարկի խորհրդատվության ձեւաչափով մասնակցել նիստերին, Դուք համաձայնելո՞ւ եք:

-Եթե ես պետք լինեմ: Օրինակ` մի քանի ամիս առաջ ես ՀՀ-ում էի, ինձ խնդրել էին պատմել երկրի անվտանգության մասին, ես դա արեցի: Ես նաեւ հանդիպեցի ՀՀ նախագահին, բայց եթե ինձ հիմա կանչեն երկրի եւ ՀՀ ժողովրդի շահերի ու անվտանգության համար, ինչո՞ւ պետք է չգամ: Կգամ: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ես պետք է հանձնաժողովում ընդգրկվեմ, այդ դեպքում պետք է իմ համաձայնությունը ստանան: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում գալու հետ կապված:

-Իսկ կա՞ ինչ-որ մի հանգամանք, որից ելնելով` հնարավոր է` հրաժարվեք մասնակցել հանձնաժողովի նիստերին:

-Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա: Գիտեք ինչո՞ւ. որովհետեւ երբ պատերազմ է գնում, ու դրանից հետո ինչ-որ մեկին դատում են նրա համար, որ նա սխալ է արել կամ պարտվել է, դա պետք չի անել, ես դա չեմ ընդունում: Լավ բանի համար կարելի է խրախուսել, իսկ պատժելը վտանգավոր է, քանի որ այդ դեպքում ոչ ոք չի ուզենա բանակում մնալ, պատերազմի ժամանակ գնալ ու կռվել: Բոլորն էլ կասեն` դե գնացեք, դուք կռվեք: Բայց եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի ուզեն իմանան, թե ինչու ենք այդքան զոհեր ունեցել, ինչու ենք տարածքներ կորցրել, ինչու այդպես ստացվեց, մենք դրանից էլ հետեւություններ կանենք եւ կվերացնենք թերությունները, ապա դա ճիշտ կլինի:

-Հանձնաժողովի նախագահը, անդամները հայտարարել են, որ իրենց հանձնաժողովի նպատակը հանգամանքները պարզելն է, որպեսզի հետագայում նման բաներից խուսափենք:

-Եթե դա այդպես է, ուրեմն ես մեծ հաճույքով կգամ, որովհետեւ ես այդ մասին խոսել եմ նաեւ Շուշիում Սերժ Սարգսյանի ներկայությամբ, դեռեւս հեղափոխությունից առաջ: Դրա համար Անդրանիկ Քոչարյանը գիտի, որ ես շատ բան գիտեմ, ու դրա համար է թերեւս ցանկանում ինձ հրավիրել, բայց ես դեռ հրավեր չեմ ստացել: Ես շատ լավ գիտեմ, թե որը ինչի համար է: Ես պատերազմի եմ մասնակցել, ես հրամանատար եմ եղել:
Երբ 2016 թվականին պատերազմը եղավ, այնտեղ արդեն շատ բան ուրիշ էր, ես շատ լավ գիտեմ` ինչ է պատահել: Դա պատերազմ էր, իսկ պատերազմի հետ կատակ չեն անում: Այնպես որ պետք է ամեն ինչ անել բոլոր հանգամանքները պարզելու համար: Ես կարծում եմ, որ դա ճիշտ է, հիմա, հավատացեք, պետք է անել հետեւություններ: Ես հիմա նայում եմ, որ Հայաստանում բոլորին դատում են` Քոչարյանին կալանավորեցին, սրան-նրան կալանավորեցին, ես չեմ սիրում նման բաներ: Ես զինվորական մարդ եմ ու ես գիտեմ` ինչը երբ ու ինչպես: Եթե ինչ-որ մեկին դատում են, ուրեմն դատում են, եթե ինչ-որ մեկին բաց են թողում, ուրեմն բաց են թողում, ես քաղաքական բաներին չեմ խառնվում: Սխալները հասկանալու, պարզելու, հետեւություններ անելու համար ես պատրաստ եմ գալ Հայաստան: Ես դրանք շատ լավ գիտեմ ու կարող եմ ասել` ինչպես անել այդ ամենը:

Զրուցեց Սոնաա Գրիգորյանը




Լրահոս