ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՌԱԿՏՎՈՒՄ ԵՆ ՆԵՐՔԵՎԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Արփունք համայնքի ղեկավարի ընտրություններում ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանն իր «Ջիփ»-երի հետ միասին պարտություն կրեց: 10 ձայնի առավելությամբ գործող ՀՀԿ-ական գյուղապետ Սարգիս Ասլանյանը վերընտրվեց:«Ժողովուրդ»-ը մի քանի առիթներով անդրադարձել է Վարդենիսի գյուղերում ընթացող ընտրությունների թեմային` ահազանգելով, որ ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանի գործունեությունը բավականին վտանգավոր հեռանկարներ կարող է ուրվագծել մեր երկրի համար: Ինչո՞ւ ենք այդպես ասում, որովհետեւ 90-ականներից Հայաստան տեղափոխված փախստականները, որոնք արդեն լիիրավ ՀՀ քաղաքացիներ են դարձել, այսօր Սպարտակ Մելիքյանի կողմից ներկայացվում են որպես տեղացիներից մերժված ու ընկճված քաղաքացիներ: Այսինքն` «հայաստանցիները» ճնշում են «փախստականներին», որոնց իրավունքների համար պատգամավորը լայնածավալ պայքար է սկսել: Բայց տարօրինակ է, որ «պայքարը» տանում է գյուղերում իր թեկնածու գյուղապետերի առաջադրումով: Ու հենց այստեղ էլ բացահայտվում են պատգամավորի իրական մտադրությունները: Նա տարբեր եղանակներով ճնշումներ է գործադրում ինչպես գյուղացիների, այնպես էլ գործող գյուղապետերի վրա, որպեսզի կարողանա իր ծրագրերն իրականացնել ու այդ ամենն անում է Հանրապետական կուսակցության քողի տակ: Մի քանի «Ջիփ»-երով գյուղում պտտվելով` տպավորություն է ստեղծում, թե ամենակարող է: Հայտնի է, որ հայաստանյան գյուղերում նման մեթոդները, ցավոք, դեռ աշխատում են: Սակայն կիրակի օրը «ջիփավոր ամենակարողի» կարծրատիպը կոտրվեց Արփունքում, եւ պատգամավորը խայտառակ պարտություն կրեց: Սպարտակ Մելիքյանի «Ջիփ»-երին հակադարձեցին Կարճաղբյուրցիները իրենց «Ջիփ»-երով, իսկ քվեարկության ընթացքն էլ (համեստորեն նշենք) վերահսկեց «Ժողովուրդ»-ը: Արդյունքում` կայացան համեմատաբար թափանցիկ ու արդար ընտրություններ տեղամասի ներսում: Խոստացված բաց քվեարկությունը, որ պետք է արվեր զինվորականների կողմից, տեղի չունեցավ: Միայն վատ տեսողություն ունեցող մարդիկ էին մի տեսակ շատացել տեղամասում եւ վերջ: Իսկ տեղամասից դուրս  մինչեւ քվեարկության օրը ապօրինություններ էին թույլ տվել երկու թեկնածուներն էլ: Գործող ՀՀԿ-ական գյուղապետը, որը մեղադրվում է փողերի յուրացման մեջ, հասցրել էր մոտ 30 հոգու Կարճաղբյուրից (նա ծագումով այդ գյուղից է) գրանցել տալ Արփունքում` կրկնելով Դարանակի սխալը: Իսկ Սպարտակ Մելիքյանն ու նրա պաշտպանած տրակտորիստ թեկնածու, նորաթուխ ՀՀԿ-ական Արթուր Դանիելյանն էլ տարբեր խոստումներով ու մեթոդներով էին «շահադրդել» գյուղացիներին: Բայց այստեղ նույնիսկ դա չէ կարեւորը: Պարզեցինք, որ պատգամավոր Մելիքյանն այնպես է իր գործերը դասավորում, որպեսզի իր կողմից առաջադրված թեկնածուները անպայման լինեն Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ: Սակայն ՀՀԿ-ականները շատ հաճախ տեղյակ չեն լինում, թե ով է իրենց թեկնածուն, դրա համար էլ մի քանի գյուղերում խայտառակ պարտություն են կրել:Վարդենիսի ՀՀԿ-ականներն ասացին, որ Արփունք համայնքի գյուղապետի թեկնածու առաջադրված Արթուր Դանիելյանին որպես ՀՀԿ-ական իրենք չեն ճանաչում. «Ո՞վ է նրան Հանրապետական սարքել, չգիտենք: Ո՛չ նիստ է եղել, ո՛չ ընդունելություն, ո՞վ է նրան ՀՀԿ-ականի տոմս տվել»: «Նա 2 ամիս առաջ է ընդունվել ՀՀԿ-ի շարքերը, ես էլ նրան չեմ ճանաչում: Կենտրոնական գրասենյակից են նրան անդամագրել»,-«Ժողովուրդ»-ին պարզաբանեց Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավար Սամվել Խաչատրյանը: Այսինքն` Մելիքյանն իր կապերով հանրապետականացրել է իր ցանկալի թեկնածուին: Մեր հարցին, թե ով է որոշում կայացրել, որ ՀՀԿ-ն պետք է պաշտպանի որեւէ թեկնածուի, եթե խորհրդի նիստ, ըստ կուսակցականների, արդեն մեկ տարուց ավել չի գումարվել, Ս. Խաչատրյանը պատասխանեց. «Ըստ կուսակցության կանոնադրության` խորհրդի 31 անդամների հետ կարող են որոշումներ քննարկվել նաեւ հեռախոսով: Ես հավատացնում եմ ձեզ, որ բոլորն էլ տեղյակ են եղել, թե ՀՀԿ-ն ում է պաշտպանում Արփունքում»:Ինչեւէ, ՀՀԿ-ականների ներքին խնդիրներն իրենց ենք թողնում` արձանագրելով միայն փաստեր, թե ինչպես է իշխող այդ կուսակցությունը «ներքեւից փլվում»: Նրանք սկսել են պառակտվել հենց ներքեւից, դրա համար էլ շատ գյուղերում պարտություն են տարել: Եւ եթե առաջ Հանրապետական լինելը ընտրություններում հաղթելու միակ գրավականն էր, ապա այսօր ՀՀԿ-ականի պիտակը միայն վարկաբեկում է ցանկացած թեկնածուի: Եւ Սպարտակ Մելիքյանի քայլերը մի տեսակ հնացած են: Գուցե սեփական կուսակցություն ունենալով` ԺԱԿ առաջնորդը այլ կուսակցություն ընտրի` որպես «հովանոց», որպեսզի հաջողություն արձանագրի:  ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս