Կինը չպետք է լինի ճղճղան և լաչառ. Լուիզա Ներսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել շարք, որի շրջանակում ընթերցողին կներկայացնի հայտնի կանանց հետ զրույցներ: Նրանք կկիսվեն իրենց փորձով, տղամարդկանց մասին տեսակետներով, կին-տղամարդ հարաբերությունների վերաբերյալ ընկալումներով: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Լուիզա Ներսիսյանն է:

Նա նշել է, թե տղամարդկանց հետ հարաբերվելիս կանայք ինչպես պետք է հասնեն իրենց ուզածին, տեսակետ հայտնել, որ հանուն ճշմարտության պայքարում նրանք չպետք է կորցնեն իրենց կանացիությունը եւ չպետք է դառնան ճղճղան եւ լաչառ: Լուիզան այն համոզման է, որ եթե մարդը լինի բավականաչափ աշխատասեր, անկախ այն բանից՝ տղամարդ է, թե կին, նրա առջեւ կբացվեն բոլոր դռները, միայն թե կինն իր տեսակի մեջ պետք է դռները բացելու ճիշտ ձեւը գտնի, տղամարդը՝ իր:

-Մեր առաջին ավանդական հարցը՝ կին դառնում են, թե՞ ծնվում: Բնությու՞նն է մեծ դեր խաղում, թե՞ կենսափորձը:

-Դառնում են: Բնությունը մեզ կին ստեղծում է, բայց շատ կարեւոր է, թե ինչպես ենք մենք մեր մեջ զարգացնում այդ կնոջը, որքանով ենք հետեւում այդ բնության կանչին: Եթե տրվենք կյանքի հոսքին, հաճախ կարող ենք կորցնել այդ տեսակը, ուստի հարկավոր է , որ ինքներս մեզ ճանաչենք ու չսայթաքենք: Երբ մենք սկսում ենք մեր շահերը պաշտպանել, ճիշտը տանում է մեզ պայքարի, եւ այդ պայքարի ժամանակ պարտադիր չէ ճակատներս դեմ տանք ճշմարտությանը: Կարելի է էլի հասնել ուզածին՝ գործածելով կանացի խորամանկությունը եւ չխոցելով տղամարդու ինքնասիրությունը:

-Թետչերն ասել է. «Հավերը եւս իմանում են, որ լույսը բացվել է, բայց թողնում են, որ աքլորներն այդ մասին բղավեն»:

-Շատ լավ է ասել, հենց դրա մասին էլ խոսում եմ:

-Ո՞ր ոլորտում են կանայք առավել հաջողում, ըստ Ձեզ: Օրինակ՝ ռեժիսուրայի ասպարեզում համեմատած տղամարդկանց հետ, շատ հաջողակ կանանց չենք տեսնի, եւ դա ամբողջ աշխարհում է այդպես:

-Մարդը, անկախ այն բանից՝ կին է, թե տղամարդ, հաջողության հասնում է միայն աշխատասիրության, նպատակասլացության եւ ինքնակրթության շնորհիվ: Չկան դռներ, որ չբացվեն մարդու առջեւ, պետք է ձեւը գտնել: Կինը իր տեսակի մեջ պետք է ճիշտ ձեւը գտնի, տղամարդը՝ իր:

-Կինը ինչպիսի՞ն չպետք է լինի: Կա՞ մի հատկություն, որը նկատել եք որոշ կանանց մոտ եւ այն վանել է Ձեզ:

-Իրավիճակից, իհարկե, շատ բան է կախված: Ճիշտն ամեն գնով առաջ տանելու հատկությունն ինձ համար, էլի եմ ասում, անընդունելի է: Տղամարդուն նսեմացնելը կանացի վատ հատկություն է: Չի կարելի ճշմարտության հասնելու համար, օրինակ, ճղճղալ, լաչառություն անել:

-Շպարի պարագա, առանց որի կյանք չունեք:

-Ամեն բան սովորության հարց է: Եթե որոշ ժամնակ չգործածեմ, օրինակ, շրթներկ, կսովորեմ դրան:

-Ինչպե՞ս եք ճիշտ բաշխում ժամանակն ամուսնու եւ դստեր միջեւ, որպեսզի երկուսն էլ գոհ մնան: Կա՞ բանաձեւ:

-Դա ինքն իրեն է լինում, պահը ստիպում է ճիշտ կողմնորոշվել, բայց չկա մի բանաձեւ, որ կարող եմ առաջարկել: Յուրքանչյուրի մոտեցումն անհատական է:

-Խոհանոցում ինչպիսի՞ն եք: Սիրում եք առաջնորդվել բաղադրատոմսերով, թե՞ դիմել իմպրովիզների:

-Արագաշարժ: Ոչ մի մթերք չեմ փչացնում, ձեռքիս տակ ինչ լինում է, խառնում եմ, մի հետաքրքիր բան եմ ստանում, իմպրովիզ եմ անում:

-Ո՞րն է Ձեր ամուսնու կողմից լավագույն նվերը, մի բան, որն անցողիկ չէ:

-Բարձր տրամադրությունը: Հրանտը տոն է, որը երբեք չի ավարտվում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս