ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարն արվել է Գյումրիում

Հետաքրքիր է, թե ում մտքով է անցել այս գեղեցիկ շենքի կամարները կտրել եւ ավտոտնակի տեսք հաղորդել: Հետո էլ պարծենում ենք, թե մենք հին ազգ ենք ու գնահատում ենք մեր արժեքները, այնինչ իրականում ոչնչացնում ենք ամեն ինչ:

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` ով կարող է լինել որդեգրող:

Էլիզա Մանուկյան (42 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրողներ կարող են լինել չափահաս անձինք, բացառությամբ`
1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց,
2) ամուսինների, որոնցից մեկը դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ ծնողական իրավունքները սահմանափակված անձանց,
4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց,
5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատարանով վերացվել է նրանց մեղքով,
6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական իրավունքներ (hամապատասխան հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը),
7) այն անձանց, որոնք որդեգրման պահին չունեն այնպիսի եկամուտ, որը կապահովի որդեգրվող երեխայի նվազագույն կենսապայմանները,
8) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաեւ այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սանիտարական եւ տեխնիկական սահմանված պահանջներին,
9) որդեգրման պահին մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն ունեցող անձանց:
Ամուսնության մեջ չգտնվող անձինք չեն կարող համատեղ որդեգրել միեւնույն երեխային: Միեւնույն երեխային միաժամանակ որդեգրել ցանկացող մի քանի անձանց առկայության դեպքում նախապատվության իրավունք տրվում է երեխայի ազգականներին եւ խորթ ծնողներին` վերոհիշյալ պահանջների հաշվառմամբ:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե որդեգրողը ամուսնության մեջ չի գտնվում, նրա եւ որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի առնվազն տասնութ տարի: Երեխային խորթ հոր կողմից որդեգրելիս տարիքային տարբերության սահմանափակում չի նախատեսվում:

 

 

 

ՀԱՐՑ. Եթե կենսաթոշակառուն ցանկանում է փոխել իր կենսաթոշակի տեսակը, ապա ի՞նչ պետք է անի նա:

Լիդա Պետրոսյան (62 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը:
Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից, նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է` կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ աշխատող կենսաթոշակառուների կենսաթոշակը վերահաշվարկվում է, եթե կենսաթոշակը նշանակելուց 12 ամիս հետո կենսաթոշակառուն ներակայացրել է կենսաթոշակը նշանակելուց (վերահաշվարկելուց) հետո առնվազն վեց ամիս աշխատած լինելու մասին տեղեկանք: Ընդ որում, վերահաշվարկված կենսաթոշակը նշանակվում է դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:




Լրահոս