«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, մի շարք հեռուստանախագծերից հայտնի դերասան Ռոման Բաբայանը: Նա նշել է, թե իր որ երազանքին է հասել, եւ ինչի համար ինքն իրեն երբեւէ չի ների: Դերասանը խոստովանել է, որ ինքն իր հետ անընդհատ կռիվների, հակասությունների մեջ է, բայց, բարեբախտաբար, կարողանում է ներդաշնակություն գտնել: Եթե նախկինում Ռոմանը ցավոտ էր վերաբերվում իր անձի շուրջ պտտվող բամբասանքներին, հիմա արդեն սովորել է դրանց, իր մասին բոլոր ասեկոսեներն էլ հետաքրքիր է համարում:
-Ռոմա՛ն, օրը սկսում եք…
-Մեկ գավաթ սուրճով:
-Ձեզ համար միեւնու՞յն է, թե ինչ կասեն կողքինները:
-Ոչ, իհարկե ոչ:
-Ինքներդ Ձեզ հետ հա՞շտ մարդ եք:
-Ոչ, միշտ կռվի, հակասությունների մեջ եմ: Օրվա ավարտին օրը վերլուծելիս է ինքս ինձ հետ կռիվը սկսվում:
-Ձեր ամենամեծ օգնականը:
-Մայրս` խորհուրդներ տալու եւ մնացած բոլոր առումներով:
-Մտքերը կարգի բերելու լավագույն ձեւը ո՞րն է:
-Խորը շունչ քաշելն ու հանգստանալը: Ստացվում է ներդաշնակության գալ ինքս ինձ հետ
-Մարդ, որը Ձեզ վրա չափազանց մեծ ազդեցություն ունի:
-Էլի մայրս:
-Ընկերական շրջանում լիդե՞ր եք, թե՞ շրջապատի հոգի:
-Շրջապատի հոգի: Ո՛չ ես եմ լիդեր, ո՛չ էլ որեւէ մեկին իմ շրջապատում ընդունում եմ որպես լիդերի:
-Երեւանյան վայր, որը միշտ ձգում է Ձեզ:
-Ցանկացած ոչ մարդաշատ, հանգիստ, բնության մոտ տեղ:
-Ինքներդ Ձեզ չեք ների, եթե…
-Եթե չհասնեմ ուզածիս: Ինքս ինձ համարում եմ նպատակասլաց մարդ:
-Ձեզ հաճախ եք հանդիմանում այն բանի համար, որ…
-Երբեմն ծուլանում եմ, բայց ինձ թափ տալուց հետո սթափվում եմ:
-Ամենամեծ հաջողությունը, որին հասել եք:
-Դեռ մեծ հաջողության չեմ հասել, բայց երեւի կնշեմ այն, որ իրականացրել եմ մորս երազանքը՝ ընտրելով այս մասնագիտությունը: Դրանից ավելի մեծ բան չեմ արել:
-Ի՞նչը կարող է մեղմել Ձեր զայրույթը:
-Ոչ մի բան:
-Ե՞րբ եք Ձեզ ամենաշատը պաշտպանված զգում:
-Երբ վստահ եմ լինում ինքս իմ ուժերին, այսինքն՝ ես եմ իմ պաշտպանը:
-Ի՞նչ կենդանի կպահեիք:
-Կապիկ: Փոքր ժամանակվանից մինչ օրս երազում եմ այդ մասին: Կարծում եմ ՝ այդ երազանքս էլ կիրականացնեմ:
-Ի՞նչն է Ձեզ ուժ տալիս:
-Երեւի միայն իմ խելքը:
-Ամենաօրիգինալ բնորոշումը Ձեր անձի մասին ո՞վ է տվել եւ ումի՞ց եք այն լսել:
-Ինձ ասել են, որ ես ունակ եմ թափանցելու մարդկանց հոգու խորքը եւ տեսնել այն, ինչ տեսանելի չէ: Շատերն են այդ մասին ասել:
-Արտիստ, որի կյանքը հուզել է Ձեզ:
-Մհեր Մկրտչյան, Կարպ Խաչվանքյան:
-Սիրելի մարզաձեւը:
-Վազք: Նախկինում շատ եմ զբաղվել դրանով, մասնակցել եմ առաջնությունների, բայց հիմա չեմ զբաղվում, ցավոք:
-Ձեր մասին լսած ամենահետաքրքիր բամբասանքը:
-Բոլորն էլ հետաքրքիր են, սիրում եմ բամբասանքներ (ծիծաղում է), մի ժամանակ չէի սիրում, հիմա թեթեւ եմ տանում, թող բամբասեն:
-Շարունակե՛ք միտքը. «Կյանքը կարճ է, բայց…»
-Կարելի է երկարացնել` լավ ապրելով:
-Դպրոցական տարիներից Դուք եղել եք այդպիսին. ինչպիսի՞ն:
-Ինչպիսին հիմա կամ: Ներքուստ չեմ փոխվել բացարձակ:
-Ո՞ր նկարչին կվստահեիք Ձեր դիմանկարը:
-Այն նկարչին, որը կարտահայտեր ոչ միայն իմ ճշգրիտ պատկերը, այլեւ հոգիս, հոգեվիճակս, էությունս:
-Ձեզ բախտավոր մարդ համարո՞ւմ եք:
-Շատ:
– Շարունակե՛ք միտքը. «Միշտ էլ ելք կա, միայն թե…»
-Քո մեջ պետք է ունենաս մի քանի ելք, որպեսզի ճիշտ ժամանակին ընտրես այդ պահի համար լավագույնն ու արդյունավետը:
-Ժամանակը չի կարելի վատնել այն մարդկանց վրա, որոնք…
-Որոնք չեն գնահատում ժամանակդ:
Աննա Բաբաջանյան