Շատերը ծաղրում էին ինձ, հիմա իրենք են դա անում. Գուրգեն Դաբաղյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Գուրգեն Դաբաղյանը շուտով երկրպագուներին կներկայացնի նոր երգ եւ տեսահոլովակ: Նա «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց. խոսքը Գուրգենի կատարած այն երգի մասին է, որի ներքո երգչի կինը հարսանեկան արարողության ժամանակ պարել է հարսի պարը:

Տեսահոլովակում ընդգրկվել են հուզիչ, ջերմ կադրեր հենց հարսանիքի ընթացքից: Որոշ կադրեր էլ արվել են ավելի ուշ երեւանյան փողոցներում: Գուրգենի խոսքով՝ ժողովրդական մոտիվներով այդ երգը մինչեւ իր կատարումը մեծ տարածում չուներ, իսկ երբ այն տեղադրվել է համացանցում, երկրպագուները պահանջել են, որպեսզի դրա հիման վրա նկարահանվի նաեւ տեսահոլովակ:

Գուրգենը պարբերաբար մասնակցում է կորպորատիվների թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Մենք հետաքրքրվեցինք՝ ազգային, ժողովրդական երգը նման միջոցառումների շրջանակում արդյոք պահանջարկ ունի. «Եթե համեմատենք տարիներ առաջվա ցուցանիշի հետ, կարող եմ ասել, որ այո, ազգային, ժողովրդական, աշուղական երգերը գնալով ավելի մեծ պահանջարկ են վայելելում: Երբ փոքր ժամանակ երգում էի ժողովրդական երգ, շատերը ծաղրում էին, ասում էին, թե անիմաստ է, ասում էին՝ հիմա որ մի ջահելն է նման երգեր լսում եւ այլն, հիմա իրենq են դա անում:

Այսօր շատ երգիչ-երգչուհիներ, որոնք ժողովրդական երգի հետ բացարձակ կապ չունեն եւ ժամանակին իրենք էլ նման կարծիքի էին, այսօր, տեսնելով, որ ժանրը պահանջարկ ունի, սկսում են ժողովրդական երգեր կատարել: Տեսնում են՝ ինչն է մոդա, սկսում են անել: Իրենք դա սրտանց, հոգով չեն անում, չեն ապրում դրանով: Այդպիսով երգիչը կորցնում է իր դեմքը եւ հարգանքը»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ հեշտ չէ լինել այս ժանրի երգիչ, մասնակցել կորպորատիվների եւ վաստակել գումար: Ու թեեւ Գուրգենի փոփ երգերն ավելի պահանջված են, միեւնույնն է, նա իր սիրելի ժանրից չի հրաժարվում եւ կարողանում է դրա միջոցով եւս պահանջված լինել, գումար վաստակել:

Անի Անտոնյան




Լրահոս