ԳԻՇԵՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարարությունը երեւանյան հիվանդանոցներից հետո ստուգումներ է սկսել Գյումրիի բուժհաստատություններում:  Նախարարության ստուգող հաձնախումբը, սակայն,  հատուկ գործելաոճ է մշակել. ստուգումներն   իրականացնում  է գիշերով: Սակայն նախ ներկայացնենք նախապատմությունը: Օրեր առաջ, երբ  Երեւանի թիվ 1 մանկական համալսարանական կլինիկական հիվանդանոցի աշխատակիցները բավականին կոշտ շեշտադրումներով դիմում գրեցին վարչապետին` պահանջելով խոստացված բարձր աշխատավարձը, Գյումրիի բուժաշխատողներն էլ գլուխ բարձրացրին: Հատկապես պոլիկլինիկայի աշխատակիցները, միանալով իրենց մայրաքաղաքային գործընկերներին, սկսեցին դժգոհել, որ իրենք էլ են ցածր  աշխատավարձ ստանում  եւ  իրենց հերթին պահանջեցին հարգել բուժաշխատողի աշխատանքը:  Արձագանքը նախարարությունից չուշացավ: Հատուկ հանձնախումբն իր գիշերային ստուգումների ժամանակ մի շարք թերություններ  հայտնաբերեց մարզի հիվանդանոցներում:  Ասում են՝ սանիտարական վիճակը հիվանդանոցներում նորմալ չէ, հատկապես Գյումրու «Սամարիթեր»-ում: Պարզվում է` գիշերային այցելուները սեղանին ներարկիչներ  են հայտնաբերել եւ որոշել խիստ նկատողություններ անել բուժքույրերին ու բժիշկներին: «Շպրիցներ են տեսել սեղանին, որոնք առանց օգտագործելու հաշվել ու թողել ենք սեղանի վրա, որպեսզի մյուս հերթի քույրերն ընդունեն: Դրանք նոր են եղել, առանց օգտագործման»,-հավաստիացնում  են  «Սամարիթեր»  հիվանդանոցի  բուժքույրերը:«Ի՞նչ է նշանակում պատժել, ինչո՞ւ են պատժում բուժաշխատողին»,-զայրացած հարցնում են հիվանդանոցի աշխատակիցները` հասկանալով խնդրի ենթատեքստը.  բժշկին որոշ ժամանակ առաջ խոստանում են, որ համավճարի համակարգի անցնելուց հետո երկու անգամ բարձրացնելու են աշխատավարձը: Սակայն տեսնելով, որ անհնար է կատարել խոստումը, փորձում են ճնշել բժշկին. «Սկսում են ճիպոտահարել մեզ, որ վախենանք աշխատանքը կորցնելուց, որ զգոն լինենք ու բարձր աշխատվարձ էլ չպահանջենք»,-ասում են բուժաշխատողները:«Տպավորությունն այնպիսին է, որ  հանձնախումբը հատուկ եկել է  Գյումրի` ինչ-որ բան գտնելու համար, մի թերություն, մի ներարկիչ, այլապես ո՞րն է իրենց քայլի բացատրությունը, ի՞նչ են ուզում մեզանից»,-ասում  է Սեդա Գրիգորյանը: ՇՄ առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը,սակայն,  ողջունում է  գիշերային ստուգումները: Նա ոչ միայն այն կարծիքին է, որ տեղին են եղել նկատողությունները, այլեւ ինքն էլ շուտով գնալու է այդ քայլին. գիշերով մտնելու է  հիվանդանոցներ, եւ վայ այն կառույցի աշխատողներին, որտեղ թերություններ կհայտնաբերվեն: Ինչեւէ, ձեռագիրը նույնն է: Իշխանությունները գործարարին հարկայինով են վախեցնում , բժիշկներին ՝ գիշերային անկոչ հյուրերով: Պահանջը նույնն է՝ «Սո՛ւս մնացեք»:ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ




Լրահոս