Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի «Լոռի» – «Գանձասար -Կապան» խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել կապանյան թիմի գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը։
«Սկզբում ցանկանում եմ շնորհավորել վանաձորցիներին իրենց քաղաքի տոնի կապակցությամբ։ Մեր ակումբի կողմից ամենալավն ու բարին եմ մաղթում Վանաձորին։ Հիմա անցնեմ խաղին․ այսօր մենք ականատես եղանք շատ դինամիկ, պայքարով լի եւ էմոցիոնալ հանդիպման։ Մեր տղաները շատ լավ աշխատեցին եւ ստեղծեցին բազում գոլային պահեր, որոնց իրացումը կարող էր վճռորոշ դեր խաղալ։Շատ հասարակ դիրքերից տղաները չկարողացան գրավել դարպասը, որն էլ, իմ կարծիքով, դարձավ պարտության գլխավոր պատճառը։Մենք այսօր ճիշտ ֆուտբոլ խաղացինք, կարողանում էինք վերահսկել խաղը, սակայն պարտվեցինք ՝ երկու գոլերն էլ բաց թողնելով ստանդարտից։ Ափսոսում ենք պարտության համար, որովհետեւ պարտվեցինք ֆուտբոլ խաղալով։ Տղաները պայքարեցին, բայց այսօր մեր օրը չէր։ Շնորհավորում ենք «Լոռիին» հաղթանակի կապակցությամբ, իսկ մենք պետք է շարժվենք առաջ, որովհետեւ սա ֆուտբոլ է եւ այսպես էլ է պատահում։ Եւս մեկ անգամ շնորհավորում եմ վանաձորցիներին եւ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար»։
Ընդմիջմանը տեղի ունեցած միջադեպի մասին
«Լարվածությունը բնականաբար փոխանցվում է նաեւ ֆուտբոլիստներին։ Պեք է մի բան հասկանալ․ ֆուտբոլիստը խաղի ընթացքում գերէմոցիոնալ է եւ հարկավոր է շատ փոքր մի բան, որ նա դառնա անկառավարելի։ Այդ ամեն ինչ շատ նորմալ է, որովհետեւ սա ֆուտբոլ է եւ նույնիսկ կասեի, որ նման բաները կազմում են ֆուտբոլի բաղկացուցիչ մասը։ Տեղի ունեցած միջադեպը ուղղակի թյուրիմացություն էր․ դաշտում խաղում են տղամարդիկ եւ իրենց ինքնասիրությունը պաշտպանելու համար հնարավոր է նաեւ օգտագործեն բռնուցքները եւ այդ ամենը շատ նորմալ է։ Ինձ համար կարեւորն այն է, լավ ֆուտբոլ խաղանք եւ խաղացինք, ափսոսում եմ, որ պարտվեցինք»։
Մրցավարների մասին
«Ես հարգում եմ մեր մրցավարներին եւ կարող եմ ասել, որ շատ բարդ է կողմնորոշվել շատ դրվագներում, միայն գիտեմ, որ մրցավարների գործողություններում միտում չկա, իսկ ինչ մնում է սխալներին, պետք է հասկանալ, որ մրցավարներն էլ մարդիկ են եւ կարող են թույլ տալ սխալներ»,- ասել է Բարսեղյանը։
Էդմոն Մարտիրոսյան