«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը ազգային, ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանն է:
Շատերն են հիշում, թե ինչպես 4 տարի առաջ երգչուհու դուստրը ծնվեց ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո: Սիդնեյ-Դուբայ չվերթի 450 ուղեւորով ինքնաթիռը 3 ժամ թռչելուց հետո անհրաժեշտաբար վայրէջք էր կատարել: Մայրանալ պատրաստվող երգչուհին մեկնել էր մասնակցելու հայ համայնքի կազմակերպված համերգին եւ վերադարձին օդանավի մեջ զգացել էր երկունքի ցավեր: Օդանավի հարկադիր վայրէջքից հետո նրան տեղափոխել էին Ավստրալիայի Պերթ քաղաքի ծննդատուն։
Գոհարը այս պատմության մասին տարիներ անց «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրեց ուշագրավ մանրամասներ: Նա պատմեց, որ երբ ամեն անգամ մեկնում էր հյուրախաղերի, հայրն իրեն խնդրում էր չգնալ. վերջինս վատառողջ էր եւ վախենում էր, որ չէր տեսնի դստերը, ապագա թոռնիկին: Սակայն այդ անգամ հայրն ինքն էր հորդորել Գոհարին առանց վարանելու մեկնել հյուրախաղերի. «Նա ասաց` հանգիստ գնա, ամեն բան լավ է լինելու: Երբ արդեն երկունքի ցավերս սկսվել էին, բժիշկն ինձ ասաց, որ հնարավոր է` երեխային կորցնենք: Ես ասացի, որ դա հնարավոր չէ, եւ սկսեցի աղոթել:
Չեք հավատա, բայց երբ ինձ ասացին, որ երեխաս փրկված է, հենց այդ ժամանակ մահացել էր հայրս… Նա կարծես իր կյանքը տվեց թոռնիկին… Այնպիսի տպավորություն էր, որ հայրս նախապես ինչ-որ բան կանխազգացել էր»:
Գոհարը նաեւ հիշեց, որ երբ տեսել է Ավստրալիան, շատ է հավանել այդ երկիրն ու կատակով ասել է. «Ինչ լավ տեղ է, երեւի աղջիկս հենց այստեղ էլ ծնվի…»: Եվ, փաստացի, այդպես էլ եղավ:
Հիշեցնենք, որ Գոհարն Ավստրալիա էր մեկնել երգիչներ Ռուբեն Սասունցու եւ Աղասի Իսպիրյանի հետ. վերջինս վերադարձել էր Հայաստան, իսկ Ռուբենը երգչուհուն ուղեկցել է ծննդատուն:
Աննա Բաբաջանյան