Կգան Հայաստան. Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ կրկին ակտիվություն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ խոսակցությունների տեւական դադարին` երեկ պարզ դարձավ, որ նոյեմբերի 1-ին տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:

Ընդ որում, նիստում քննարկվելու են ՀՀ-ում «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (Ստամբուլյան կոնվենցիա) նկատմամբ առկա կարծրատիպերը եւ դրանց հաղթահարման հնարավորությունները: Գաղտնիք չէ` Հայաստանում անհանդուրժող վերաբերմունք է Ստամբուլյան կոնվենցիայի առանձին դրույթների շուրջ, եւ այս հանդիպումով Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները նպատակ ունեն ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի իրական նպատակները:

Մինչեւ Հայաստան ժամանող պատվիրակությանն անդրադառնալը նկատենք, որ մի քանի ամիս է, ինչ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ քննարկումները դադարել էին, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին հայտարարել էր, թե Ստամբուլյան կոնվենցիան այս տարի խորհրդարանում չի քննարկվի, իսկ մինչ այդ էլ պարզ էր դարձել, որ նույն Ռուստամ Բադասյանը խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Վենետիկի հանձնաժողով:

Եվ, ահա, այս հայտարարությունից երկու ամիս անց պարզ է դառնում, որ Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վերաբերյալ կարծիքը ստացել է, եւ այն առաջիկայում պետք է քննարկվի կառավարությունում: Նախարարի խոսքով` այժմ ընթանում է կարծիքի հայերեն թարգմանության փուլը, եւ դրանից հետո կսկսվեն քննարկումները:

Եվ մինչ արդարադատության նախարարության աշխատակազմը լծված է այն թարգմանելու գործին, պարզ է դառնում, որ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները, այդ թվում` Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ժամանելու են Հայաստան եւ անձամբ են փորձելու պատգամավորներին պարզաբանել կոնվենցիայի դրույթները: «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել այն անձանց շրջանակը, ովքեր ժամանելու են Հայաստան: Եվ այսպես, ինչպես հայտնի է, Եվրոպայի խորհրդում գործում է Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խումբ (GREVIO/ԳՐԵՎԻՈ), եւ Հայաստան են գալու այդ խմբի ղեկավարն ու մի քանի պատգամավորներ:

Նախ նշենք, որ GREVIO- ն անկախ փորձագիտական մարմին է, որը պատասխանատու է Կանանց եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի կոնվենցիայի կատարման վերահսկման համար: Այդ խումբը կազմում եւ հրապարակում է զեկույցներ, կազմակերպում միջոցառումներ, քննարկումներ: Եվ, ահա, Հայաստան է ժամանելու անձամբ այդ խմբի ղեկավար Մարսելինե Նաուդին: Բացի այդ, Հայաստանում կլինի Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Էրիկ Հելգեսեն, մարդու իրավունքների հարցերի փորձագետներ, ինչպես նաեւ Եվրոպայի Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերով գրասենյակի ղեկավար Դանիել Կանջեմին:

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստան գալու եւ պատգամավորներին հանդիպելու առաջարկը եղել է եվրոպական կողմից, եւ վերջիններս պարբերաբար եւ հետեւողականորեն փորձել են օր նշանակել եւ փորձել ներկայացնել Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները եւ արդարացնել դրա ընդունումը Հայաստանում: Եվ երկար բանակցություններից հետո, ի վերջո, հաջողվել է որոշելբոլորին համար օրը: Բացի այդ, մեր տեղեկություններով` ձեւաչափի հարց եւս քննարկվել է, թե արդյոք համատեղ նիստը պետք է անցկացնել փակ, թե բաց: Մենք տեղեկացանք, որ այս մասով դեռ որեւէ որոշում չկա, եւ միգուցե հաշվի առնելով հասարակական հնչեղությունը, որ առկա է այս կոնվենցիայի շուրջ, համատեղ նիստն անցկացվի դռնբաց: Իհարկե, իշխանության ներկայացուցիչները հաշվի են առնում նաեւ այն ռիսկերը եւ այն հարցերը, որ կարող են հնչել հանդիպման ժամանակ:

Եվ որքան էլ արդարադատության նախարարը նշել էր, թե այս տարի կոնվենցիան խորհրդարանում չի քննարկվի,իշխանությունները, սակայն,նպատակ ունեն գոնե պատգամավորների շրջանում նախապես կոնսենսուս ձեւավորել, որպեսզի հետագայում հնարավոր լինի անարգել այն անցկացնել: Գաղտնիք չէ, որ կոնվենցիային դեմ արտահայտվողներ կան նաեւ «Իմ քայլը» խմբակցությունում, ովքեր հրապարակային եւս արտահայտել են իրենց դիրքորոշումը:

Հավելենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս