Եթե մեզնից ընտրելու լինեն մարմնի պլաստիկային տիրապետող դերասանների, 2-3 հոգու կընտրեն. Ռոզի Ավետիսովա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում պատրաստվում են ստեղծել լաբորատոր հարթակներ, որտեղ դերասանները կհղկեն իրենց մարմինը: Այս մասին օրերս հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Նրա խոսքով՝ այսուհետ մեծ պահանջարկ է վայելելու այն դերասանը, որը տարբեր ժանրերում կատարելապես կտիրապետի իր մարմնին, կբավարարի թե՛ մնջախաղի ռեժիսորի, թե՛ դրամատիկ թատրոնի եւ թե՛ երաժշտական թատրոնի պահանջները:

Փոխնախարարն այն համոզման է, որ մշակված մարմնի խնդիրն այսօր ակտուալ է հայ թատրոնում, իսկ եթե հանդիսատեսը չի ստանալու էսթետիկական հաճույք, ապա արվեստի մասին խոսք լինել չի կարող: «21-րդ դարը ունիվերսալ դերասանի դարաշրջան է,ուստի նախաձեռնել ենք «Սոմա» պլաստիկ հետազոտությունների թատրոնի լաբորատորիայի գաղափարը: Այս տարեվերջին արդեն հնարավորություն կունենանք տեսնելու մասնագետների պահանջները եւ ցույց տալ, թե, ի վերջո, ինչ ենք ուզում ունենալ: Հետո կմշակվի այդ ամենը, եւ մեր դրամատիկական թատրոնների դերասանները հերթով կանցնեն այդ ճանապարհը»,- ասաց պարոն Խզմալյանը:
Նրա խոսքով՝ մենք պետք է հասկանանք, թե այսօր ժամանակակից աշխարհում շուկան ինչի կարիք ունի, եւ եթե ուզում ենք մեր տեղն ունենալ այդ շուկայում, պետք է համապատասխանենք որոշակի չափանիշների:

Լրագրողների այն դիտարկումներին, թե այդ պարագայում ավագ սերնդի ներկայացուցիչները կամ այն դերասանները, որոնք չեն համապատասխանում ստանդարտներին, գուցե դուրս մնան ասպարեզից, փոխնախարարը պատասխանեց, որ չեն պատրաստվում նրանց աշխատանքից ազատել, պարզապես այսօր ամբողջ աշխարհում առաջատար ռեժիսորները գլխավոր դերեր են տալիս հենց ճկուն, մարմնի լեզվին տիրապետող դերասանների: Այս հայտարարությունը, սակայն, տարակարծություններ է առաջ բերել դերասանական շրջանակներում:

Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ: Նա տեսակետ հայտնեց, որ բազմաֆունկցիոնալ դերասանի կերտման գաղափարը ողջունելի է. «Մեր մասնագիտությունը ստիպում է անընդմեջ սովորել եւ կատարելագործվել: Եթե նման հարթակ ստեղծվի, եւ ուսումնական ծրագիր լինի, կարող ենք մասնագիտական նոր հմտությունների տիրապետել»:
Միեւնույն ժամանակ Ռոզին հիշեցրեց՝ մենք ունենք կրթական օջախ՝ Թատերական ինստիտուտը, որի սաներից մեկն էլ ինքն է, եւ փաստեց, որ այնտեղ բազմաֆունկցիոնալ դերասան չեն պատրաստում. «Մենք չենք ստացել մասնագիտական այդ հմտությունները: Դրանց տիրապետում էին հիմնականում այն սաները, որոնք ունեին բալետային, պարային կրթություն: Մենք չենք անցել, օրինակ, մնջախաղին առնչվող առարկա, չգիտես ինչու, ժամանակին որոշել էին, որ դա դերասանին պետք չէ, բայց դա սխալ մոտեցում էր: Դերասանը պետք է կարողանա տիրապետել իր մարմնին, պլաստիկա ձեռք բերի, որպեսզի պահանջված լինի»:

Ռոզին նաեւ շեշտեց՝ եթե մեր պրոֆեսիոնալ դերասանների շրջանում ընտրելու լինեն մարմնի պլաստիկային տիրապետող դերասանների, մաքսիմում երկու-երեք հոգի կարող է ընտրվել. քչերն են, որ իդեալական մարմին ունեն, տիրապետում են հմտությունների:

Դերասանուհին նշեց՝ ամենակարեւորն այն է, որ լաբորատորիան ունենա լավ մասնագետներ. «Իմ լավագույն դասախոսներից շատերը այսօր ողջ չեն կամ արդեն տարիքն առած են, իսկ պլաստիկայի հարցում տարիքը շատ կարեւոր հանգամանք է: Մեզ թարմ ուժեր են հարկավոր»:

Հավելենք, որ ուժեղացվելու է նաեւ թատրոնում խոսքի կշիռը: Այդ նպատակով ձեւավորվում է «Լոգոս լաբ» հարթակ, որտեղ նյութը պետք է քննարկվի հոգեբանների, դերասանների եւ ռեժիսորների կողմից, վերամշակվի, ապա տրամադրվի թատրոնի ռեժիսորներին եւ կինոռեժիսորներին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս