ԵԶՐԱՀԱՆԳՄԱՆ ՓՈՒԼԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ իրենք հանձնաժողովի անդամներով ամեն ինչ անում են, որպեսզի Ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ շատ պրոֆեսիոնալների միջոցով կարողանան բացահայտել այն հանգամանքները, որոնք մինչեւ այժմ անհայտ են մնացել հանրության համար: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ իրենք վեց ամսվա ընթացքում կկարողանան տալ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնց սրտատրոփ սպասում են բոլորը:

-Պարո՛ն Քոչարյան, խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովը, որը ստեղծվել է 2016 թվականի քառօրյա պատերազմի հանգամանքները բացահայտելու համար, որոշում է կայացրել ներգրավել աշխատանքներին այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան օգնել հանձնաժողովին բացահայտելու այն մութ հանգամանքները, որոնք կապված են պատերազմի հետ: Ինչի՞ց ելնելով նման որոշում կայացրիք:
-Մենք արդեն ասել ենք, որ դա լինելու է խորհրդատվություն, նման բաներն ավելի են օգնելու հանձնաժողովին աշխատանքներում:
-ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին եւս հրավիրել եք, որպեսզի իր մասնակցությունն ունենա հանձնաժողովի աշխատանքներում, սակայն Գրիգորյանցը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը մի պայմանով կմասնակցի աշխատանքներին, եթե վերջում որոշում չկայացվի ինչ-որ մի զինվորականի դատելու կամ բանտ նստեցնելու: Դուք կիսո՞ւմ եք նրա տեսակետը:
-Ես իր տեսակետները կիսում եմ, մենք զրուցել ենք, ու ինքն էլ շատ լավ գիտի` մեր Ապրիլյան հանձնաժողովի հիմնական ուղղվածությունը որն է լինելու: Դա լինելու է, ըստ էության, հասկանալ, թե այդ օրերին ինչ է տեղի ունեցել: Ու եթե բանակն այդ առումով ունեցել է թերացումներ, օգնել այդ ամենը շտկելու համար: Եթե շարունակում են, իհարկե, պահպանվել այդ թերացումները, մենք պետք է ամեն ինչ անենք դրանք վերացնելու, չկրկնելու համար: Մենք պետք է անենք հնարավորը դրանք արագ շտկելու համար, որով էլ մենք կապահովենք բանակի առաջընթացը: Հանձնաժողովը նրա համար է ստեղծվել նաեւ, որ մենք անենք հնարավորը բանակում խոչընդոտների վերացման համար: Ես կարծում եմ, որ Ապրիլյան քառօրյա պատերազմի դեպքերը շատ բաներ ի հայտ բերեցին, ու ստեղծված հանձնաժողովի հիմնական առաքելությունը լինելու է դա:
-Այսինքն` Տեր- Գրիգորյանցին արդեն ներկայացրե՞լ եք, որ հանձնաժողովը պատժիչ նպատակ չունի, ասե՞լ եք իրեն Ձեր ղեկավարած հանձնաժողովի գլխավոր նպատակի մասին:
-Ոչ միայն խոսել եմ, մենք Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ վաղուց գիտենք, ի վերջո, ես ժամանակին Տեր-Գրիգորյանցին հրավիրել եմ ՀՀ զինված ուժերի ստեղծման հարցում քննարկումներին, ես, ի վերջո, գնացել եմ Մոսկվա, իր հետ հետո վերադարձել ենք Հայաստան, նկատի ունեմ, որ մենք ճանապարհ ենք անցել, միմյանց լավ գիտենք: Նորատ Տեր-Գրիգորյանցը մեր բանակի հենասյուներից մեկն է եղել, ու ես կարծում եմ, որ այս հարցում էլ որպես խորհրդատու մեզ շատ է օգնելու: Ու մեր հանձնաժողովի բոլոր անդամները այդ տեսակետը ինձ հետ կիսել են ու ինձ լիազորեցին, որ ես մի շարք այդպիսի հեղինակավոր զինվորականների հետ սկսեմ շփումները: Իսկ այդ շփումները նրա համար են, որպեսզի ավելի պրոֆեսիոնալ լինեն մեր աշխատանքները: Ի դեպ, նշեմ, որ մեր աշխատանքի հաջորդ փուլը լինելու է պրոֆեսիոնալ, լուրջ, եզրահանգումները ճիշտ գնահատելու փուլը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս կարեւորագույն փուլում որեւէ թերացումներ չունենանք:
-Բայց Արկադի Տեր-Թադեւոսյանը կրկին մեզ հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովում շատ են երիտասարդներ, ու այնտեղ պետք է ընդգրկվեն այնպիսի զինվորականներ, որոնք պատերազմից հասկանում են ու կարող են բացահայտել այն հանգամանքները, որոնք հանրությանը հուզում են: Դուք չե՞ք կարծում, որ իսկապես հանձնաժողովում ոչ պրոֆեսիոնալներ են ընդգրկված:
-Բայց Դուք տեսեք, թե ինչ զինվորականներ ենք ներառել մեր հանձնաժողովի աշխատանքներին, իսկ ո՞վ ասեց որ ջահերներ չկա. ե՛ւ կան ջահելները, ե՛ւ ամեն բովով անցած զինվորականներ: Դուք շուտով կտեսնեք, թե ովքեր են մասնակցելու աշխատանքներին` կլինի Վաղարշակ Հարությունյանը, Վլադիմիր Հայրապետյանը, կլինի հետախուզության բնագավառի լուրջ մասնագետ, որը մեզ խորհրդատվություն է անելու, կլինի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, որոնք մեզ բոլոր հարցերում օգնելու են: Շատ շատ ուղղություններով, մենք փորձում ենք լուծում գտնել, հարցերը պարզել ու հասկանալ իրողությունը:
-Այսինքն` շա՞տ երկար են տեւելու հանձնաժողովի աշխատանքները. ե՞րբ, ի վերջո, հանրությունը կկարողանա տեղեկություն ստանալ այն հանգամանքներից, որոնք ուսումնասիրում եք:
-Մենք աշխատելու ենք վեց ամսվա մեջ, որքան որ օրենքը նախատեսված է, դրանից հետո արդեն ամեն ինչի մասին ավելի հստակ կխոսենք:

 

 

 

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՌՆՈՒԹՅԱՆԸ

Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել` հայտարարելով. «Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ, այսպես ասած, Ստամբուլյան կոնվենցիային ինքը դեմ է:

«Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստին չեմ մասնակցել եւ չգիտեմ, թե ինչ մանրամասներ են խոսվել ՀՀ արդարադատության նախարարի հետ «Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի» ԵԽ կոնվենցիայի կամ, այսպես ասած, Ստամբուլյան կոնվենցիայի մասին: Ի սկզբանե հայտնել էի դիրքորոշումս, որ սկզբունքային անհամաձայնություններ ունեմ կոնվենցիայի որոշ դրույթների հետ: Իհարկե, բռնությունն անընդունելի է, եւ ես իմ կյանքի մեծ մասը պայքար եմ տարել բռնության ամենատարբեր դրսեւորումների դեմ: Շատ հաճախ զրկանքների գնով լրագրության տարիներին պայքարել եմ մարդկանց իրավունքների պաշտպանության համար: Բայց այս կոնվենցիայի մեջ կան դրույթներ, որոնք ինձ պարտադրում են եւս մեկ անգամ հայտարարելու, որ հայկական ավանդական ընտանիքը, Հայ առաքելական եկեղեցին եւ ազգային պետությունը անփոխարինելի արժեքներ են ինձ համար»,- հայտարարել է պատգամավորը:
Վերջինս հավելել է. «Իհարկե, փաստարկները բազմաթիվ են, միայն մի մեջբերում անեմ. կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով` այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր այն երեւույթները, որոնք հիմնված են կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա»»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը հայտարարել է նաեւ. «Ինչ վերաբերում է խտրական վերաբերմունքին եւ բռնությանը, ապա եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ դեմ եմ բռնության ցանկացած դրսեւորմանը, հատկապես` կանանց նկատմամբ, եւ արձանագրում, որ ոչ ոք մեզ չի խանգարում մեր օրենսդրությունը է՛լ ավելի բարելավել եւ ապահովել պատժի աներկբա կիրառումը ցանկացած բռնարարքի դեմ` իսպառ վերացնելով անպատժելիության ցանկացած դրսեւորում: Մեր ջանքերը պետք է այս ուղղությամբ գործադրենք»:
Հ. Գ. Պատգամավորը վերջում հիշեցրել է, որ Եվրամիության անդամ 11 երկիր չի վավերացրել այս կոնվենցիան:

Նյութերը` ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ ԿԼԻՆԻ
Երկշաբաթյա ժամկետում պատասխանատու գերատեսչությունները պետք է քայլեր ձեռնարկեն օրենսդրությունում բացերը լրացնելու եւ հետագայում Հուրգադա-Երեւան չեղարկված չվերթի օրինակի կրկնությունը բացառելու համար: Նախ նշենք, որ ինչպես եւ այլ դեպքերում, այս անգամ եւս սայլը տեղից շարժվեց միայն դեպքը գրանցվելուց հետո, այլ ոչ թե փորձ արվեց կանխարգելել այն: Բանն այն է, որ գործող օրենսդրությունը զբոսաշրջային գործակալություններին չի պարտադրում կատարել իրենց պարտականությունները, դաշտն ազատականացված է, որն էլ հանգեցնում է նման իրավիճակների: Եվ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցի լուծման տարեբարկներից մեկը գործող իշխանությունները համարում են ապահովագրական մեխանիզմի ներդրման հարցը: Ինչպես հայտնի է, «Էյ ընդ Ար» տուրգործակալության փաթեթներով Եգիպտոս մեկնած քաղաքացիները չվերթի չեղարկման պատճառով մնացել էին այնտեղ, քանի որ գործակալությունը գումարները չէր փոխանցել, եւ միայն կառավարության կողմից գումար հատկացնելուց հետո վերադարձան Հայաստան: Այս դեպքով հարուցված քրեական գործից բացի դեպի Եգիպտոս ավիափոխադրումների շուկայում ուսումնասիրություն է սկսել նաեւ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը հայտնեց, որ ուսումնասիրությունների համար ժամկետներ չկան նախատեսված, դրանք շարունակվում են, եւ անուններ եւս հայտնի չեն: Հավելենք, որ այդ դեպքերից հետո ընկերության գրասենյակը փակ է, եւ այստեղից հեռացված են նույնիսկ բոլոր ցուցատախտակները:

 

 

8.9 ՄԼՆ ԴՐԱՄ` ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱՐ
«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս հունիս ամսին գրել էր, որ Ազգային ժողովի աշխատակազմը որոշել է ամառային արձակուրդները զուր չվատնել եւ վերանորոգել հին մասնաշենքում տեղակայված պատգամավորների աշխատասենյակները: Եվ, ահա, այդ աշխատասենյակների վերանորոգումներն արդեն ավարտվել են: Մենք տեղեկացանք, որ վերանորոգվել է 39 պատգամավորի աշխատասենյակ, այնինչ ի սկզբանե նախապես որոշված թիվը 30-ի սահմանն էլ չէր հատում: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանից տեղեկացավ, որ լրացուցիչ աշխատասենյակներ վերանորոգելու կարիք զգացվել է աշխատակազմի կողմից աշխատասենյակների գնահատում կատարելուց եւ դրանք ամփոփելուց հետո: Նշենք նաեւ, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվել են բյուջեի միջոցներով, եւ հավելյալ գումարներ ներդրելու անհրաժեշտություն չի առաջացել: Տիգրան Գալստյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ վերանորոգման համար ծախսվել է 8.9 մլն դրամ, սակայն կան փոքրիկ աշխատանքներ, որոնք եւս պետք է կատարվեն: Հավելենք, որ վերանորոգվել են ԲՀԿ եւ «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների աշխատասենյակները` Թագուհի Ղազարյան, Վիկտոր Ենգիբարյան, Սոնա Ղազարյան, ԲՀԿ-ից` Վարդան Վարդանյան, Արտյոմ Ծառուկյան, Արթուր Ղուկասյան, Գեւորգ Պետրոսյան:




Լրահոս