ԿՊԱՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԴԱՎԱՃԱՆ ԵՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դա թերեւս պատգամավորին վայել պահվածք ու արտահայտություն չէ»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, հակադարձելով Ռուսաստանի պետդումայի «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության խմբակցության հայազգի պատգամավոր Սեմյոն Բագդասարովի այն արտահայտությանը, որ Հայաստանի իշխանավորները բետոնախառնիչի տիրոջ մտածելակերպ ունեն, նշեց Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Կարեն Ավագյանը:Նշված բավական կոռեկտ արտահայտությամբ չբավարարվելով` Հանրապետական պատգամավորը, չուզենալով հետ մնալ իր ռուսաստանցի գործընկերոջից, վերջինիս մասին խոսելիս գործի դրեց մի քանի տերմիններ «Ջրմուղ կոյուղու» համակարգից. «Կանալիզացիայի տրուբան փորձում է խոսել եւ գնահատականներ հնչեցնել հայաստանյան իշխանությունների մասին»: ՀՀԿ-ական պատգամավորը Բագդասարովին անվանեց նաեը «հիմար», որը փորձում է հիշեցնել իր աձի մասին նման սկանդալային արտահայտություններով: Սակայն սա էլ քիչ համարելով` ՀՀԿ-ի ներկայացուցիչը  «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության հայազգի պատգամավորին անգամ մեղադրեց ազգային դավաճանության մեջ: «Ակնհայտ է, որ այդ մարդը կատարում է մեր պետության հակառակորդների պատվերը»,-նշեց նա` հրաժարվելով կոնկրետացնել, թե հատկապես որ հակառակորդի եւ ինչ պատվերի  մասին է խոսքը: Եթե աչքի տակով անցկացնում ենք հարավկովկասյան տարածաշրջանը, ապա Հայաստանն ունի երկու թշնամի պետություն (Ադրբեջան, Թուրքիա) եւ երկու համեմատաբար բարեկամ երկրներ (Վրաստան, Իրան): Այս տարրական դատողությունից պարզ է դառնում, որ ըստ Հանրապետական պատգամավորի`  Բագդասարովը կա՛մ  Թուրքիայի, կա՛մ Ադրբեջանի «գործակալն» է: Ուրեմն ի՞նչ է ստացվում, եթե որեւէ  հայ մարդ Հայաստանի իշխանությունների հասցեին ոչ կոռեկտ արտահայտություն թույլ տա, ապա նա  պետք է պիտակավորվի որպես ազգային դավաճա՞ն: Ճիշտ է,  քաղաքական բանավեճում միշտ պետք է պահպանել կոռեկտություն, սակայն տեղին է հիշատակել, որ Հայաստանի իշխանության տարբեր տրամաչափի ներկայացուցիչներ եւս շատ դեպքերում թույլ են տվել ոչ պակաս վիրավորական արտահայտություններ: Հենց նույն ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը 2010 թ. հայ-թուրքական արձանագրությունների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ շատ կոպիտ արտահայտվեց որոշ քաղաքական եւ հասարակական գործիչների հասցեին, ինչի  արդյունքում շատերն, ի նշան բողոքի, լքեցին նիստերի դահլիճը: Բացի դրանից, չի կարելի հայազգի պատգամավորին պիտակավորել որպես ազգային դավաճան միայն իշխանությունների հասցեին հնչեցրած արտահայտության համար: Հիշեցնենք, որ վերջինս այդ հայտարարությունն արել է` խոսելով հայ-թուրքական գործընթացի մասին: Այսինքն` քննադատել է այդ հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, ինչն արեցին հայաստանցի բազմաթիվ այլ քաղաքական ու հասարակական գործիչներ, եթե ոչ ավել, ապա ոչ էլ պակաս կոպիտ արտահայտություններով: Ու մի բան էլ. եթե ՀՀԿ-ն  ՌԴ պետդումայի հայազգի պատգամավորի գնահատականները համարում է ազգային դավաճանություն, ճիշտ կլիներ դրան հակադարձել ժամանակին` առնվազն երեք ամիս առաջ, երբ դրանք հնչեցին ՌԴ պետդումայի ամբիոնից:ԱՐՇԱԼՈՒՅՍ ՄՂԴԵՍՅԱՆ




Լրահոս