«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` իշխանության ներսում վերջին ժամանակահատվածում լուրջ դժգոհություններ են սկսվել կառավարության աշխատանքներից: Բանն այն է, որ օրենսդիր դաշտի ներկայացուցիչները մշտապես «կռիվների» մեջ են գործադիրի անդամների հետ, քանի որ վերջիններս իրենց հետ հաշվի չեն նստում, իսկ ինչ վերաբերում է նախագծերի մշակմանը, ապա դա արդեն դարձել է երկու կողմերի հիմնական վեճի թեման:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ պատգամավորների եւ նախարարների` մեկ հայտարարի չգալը արդեն վաղուցվա պատմություն է, ու օրենսդիր մարմնի ներկայացուցիչները առիթը բաց չեն թողնում գործադիրի անդամներին վարկաբեկելու համար:
Մեր աղբուրները փոխանցում են, որ իշխանության ներկայացուցիչների մեծ մասը դժգոհ է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանից, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանից, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանից, իսկ խորհրդարանի իշխանական խմբակցության մի քանի տասնյակից ավելի պատգամավորներ ուղղակի ամենօրյա ռեժիմով «պատերազմական» դրության մեջ են ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առանձին հանդիպումների ժամանակ կամ տարբեր քննարկումներում իշխանական թեւի ներկայացուցիչները իրենց դժգոհության ձայնն են բարձրացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, տեղեկացրել, որ արդեն անհնար է դառնում տվյալ գերատեսչությունների ղեկավարների հետ աշխատելը, սակայն մինչեւ այժմ այդ հարցում որեւէ քայլ չի ձեռնարկվել:
Երեկ էլ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ իրենց խմբակցությունում քննարկում են ամենավատ աշխատող նախարարի հարցը: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ընդդիմադիր խմբակցությունը եւս վերը նշված նախարարների աշխատանքից դժգոհ է, ինչի համար քննարկում են այն քայլերը, որի միջոցով կկարողանան կոնկրետ գործողություններ իրականացնել նախարարների հրաժարականների պահանջի հարցով:
Սոնա Գրիգորյան