Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի ջրատարում տղամարդու դի կա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նշենք, որ հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ջրատարից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Գուրգեն Հ.-ի դին:
Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Սիս համայնքի ղեկավար Հայկ Մելքոնյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ մահացած անձն իրենց գյուղի բնակիչ չէ:
«Ինչքան, որ ես եմ տեղյակ մահացածը ձկնորս է եղել, ով ամեն օր նույն վայրում ձկնորսությամբ է զբաղվել: Իմ տեղեկություններով ձկնորսը սրտի կաթված է ստացել»,- ասաց Սիս համայնքի ղեկավարը:
Հավելենք, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 53-ամյա Գուրգեն Հ.-ի ձկնորսական կարթն ու մի քանի բռնած ձկներ:
Լիդա Եղիազարյան