Դեմ-երը շատ են, Թորոսյանը՝ միայնակ. ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 7-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստ է հրավիրել: Ըստ մեր տեղեկությունների` օրակարգում «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» նախագիծն է, որը պետք է ներկայացնի ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ մինչեւ այժմ նախարարին չի հաջողվում խորհրդարանի երեք խմբակցություններից վերջնական դրական պատասխան ստանալ նախագծի վերաբերյալ, քանի որ երեք խմբակցության ներկայացուցիչներն էլ նախագծում առկա տարբեր դրույթների առնչությամբ վերապահումներ ունեն:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախօրեին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կրկին այս նախագծի հետ կապված խորհրդարան է գնացել, այս անգամ հանդիպում է ունեցել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ: Ու, ըստ մեր տեղեկությունների, այս խմբակցությունում եւս գրկաբաց չեն ընդունել նախարարի նախագիծը, ավելին` ներկայացրել են պահանջները, որոնք պետք է ներառվեն: Նախարարն էլ հստակ չի ասել, որ պատրաստակամ է ինչ-որ փոփոխություններ կատարել, ինչի համար էլ ընդդիմադիր խմբակցությունը վերջնական պատասխան չի տվել:

Հիշեցնենք, որ նախարարը նոյեմբերի 1-ին հանդիպում էր ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորների հետ, ովքեր եւս նախարարին նախագծի վերաբերյալ դրական տեսակետ չեն ներկայացրել, իսկ ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա այնտեղ եւս ընդդիմացողները շատ են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցերի շուրջ զրուցել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ որոշում ունի Ձեր խմբակցությունը «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» նախագծի վերաբերյալ: Ի՞նչ քննարկում եք ունեցել ՀՀ առողջապահության նախարարի հետ:

-Որոշում չկա, մենք ունենք 3200 տնտեսվարողներից դիմում ու ուզում ենք իրենց պահանջը բավարարել, քանի որ ոչ մի հիմնավորում չկա, թե ինչու պետք է ծխախոտի ցուցադրումը վերանա խանութներից: Եթե եվրոպական երկրները այդ օրենքը ընդունել են, հետո հետ են եկել, այդ դեպքում իմաստը որն է, իրենք ներկայացնում են Ռուսաստանի եւ Վրաստանի օրինակը, բայց չեմ կարծում, որ մենք պետք է դա համեմատենք: Մենք հանդիպման ժամանակ պարոն Թորոսյանին ասել ենք մեր մտահոգության մասին ու ասել ենք, որ պատրաստվում ենք տնտեսվարողների շահը պաշտպանել:

-Իսկ ի՞նչ պատասխան ստացաք նախարարից, արդյոք պատրա՞ստ է զիջումների գնալ:

-Հարցը երկու ուղղություն ունի` տնտեսական շահն ու առողջապահությունը, բայց, կարծում եմ, որ այս պարագայում պետք է գտնենք լավագույն տարբերակը:

-Ըստ տեղեկությունների` նախարարը չի պատրաստվում զիջումների գնալ եւ նախագիծը ցանկանում է անցկացնել այն բովանդակությամբ, որն առկա է այժմ: Այդ դեպքում ինչպե՞ս կվարվի ձեր խմբակցությունը:

-Մեր խմբակցությունը այդ հարցում հստակ դիրքորոշում ունի եւ զիջումները… մեծ հաշվով, որոշում կայացնողը խորհրդարանն է, իսկ ինչ որոշում կկայացվի, դա արդեն ցույց կտա հանձնաժողովի նիստը, դրանից հետո արդեն կներկայացվի ԱԺ օրակարգ: Նախ` կապված է, թե մեր առաջարկը ինչպես կընդունվի: Պարոն Թորոսյանը ծանոթ է մեր առաջարկին, մնում է սպասենք հանձնաժողովի նիստին, քվեարկությանը, մենք չենք կարող մեր տնտեսվարողների շահի հետ հաշվի չնստել. դա ամենակարեւոր հարցն է, որը պետք է լուծում գտնի:

Սոնա Գրիգորյան




Լրահոս