Ի՞նչ հարցեր կքննարկվեն խորհրդարանում. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 11-ին մեկնարկելու է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով սպասվող օրակարգը, տեղեկացավ, որ բավականին հագեցած օրակարգով նիստեր են սպասվում, եւ շատ են այն նախագծերը, որոնք այդ օրը պետք է քննարկվեն առաջին ընթերցմամբ։ Իհարկե, դեռ նախագծերի վերջնական փաթեթը պետք է հաստատվի երկուշաբթի օրը՝ ԱԺ խորհրդի նիստի ժամանակ, սակայն այս պահի դրությամբ արդեն առկա է որոշակի պատկեր։

Ըստ այդմ, օրակարգում ընդգրկված է 28 հարց։ Դրանցից 11-ը քննարկվելու են առաջին ընթերցմամբ, այսինքն` հետագայում էլ պետք է քննարկումներ անցնեն նաեւ երկրորդ ընթերցմամբ։ Առաջին ընթերցմամբ քննարկվող նախագծերից է ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը, որն արդեն քննարկվել է բոլոր հանձնաժողովներում եւ այդ օրը պարզապես արդեն կքննարկվի լիագումար նիստում։ Ինչպես հայտնի է, իշխանական պատգամավորները 2020 թվականի բյուջեն աննախադեպ են համարում՝ կապված եկամուտների հետ, ինչը, սակայն, չեն կիսում ընդդիմադիրները, հատկապես` ԲՀԿ խմբակցության պատգամավորները։

Իսկ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով 1,743.4 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), բ. ծախսերի գծով՝ 1,926.0 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), գ. դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182.6 մլրդ դրամ:

Հայաստանի Հանրապետության համայնքների 2020 թվականի բյուջեները գնահատվում են. ա. եկամուտների գծով՝ 143.4 մլրդ դրամ (ներառյալ պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), բ. ծախսերի գծով՝ 143.4 մլրդ դրամ: Եվ չնայած արդեն հանձնաժողովների նիստերում հնչած քննադատություններին` ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռեւս չեն շտապում ներկայացնել իրենց քվեարկության պատկերը բյուջեի առումով եւ որոշել են այդ մասին բարձրաձայնել հենց լիագումար նիստի ժամանակ։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվող, սակայն հետաքրքիր նախագծերի թվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-200 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը, որն արդեն առաջին ընթերցման ժամանակ բուռն քննարկումների էր արժանացել խորհրդարանում։ Երկրորդ ընթերցմամբ քննարկվող հարցերից է նաեւ Տարածքային կառավարման մասին օրենքի նախագիծը, որը ներկայացվել է կառավարության կողմից։ Այն, ինչպես հայտնի է, հստակեցնումէ մարզպետների գործառույթների շրջանակը եւ տարանջատում, թե որ աշխատանքները պետք է կատարի մարզպետը, եւ որոնք, օրինակ, համայնքի ղեկավարը։

Օրինակ, ըստ այդ օրենքի` մարզպետն ունի 12 լիազորություն, որ պետք է կատարի։ Դրանց թվում են Կառավարության եւ վարչապետի քննարկմանը հարցեր ներկայացնելը, տարածքային համաչափ զարգացման մասին ծրագրեր առաջարկելը, մասնակցելը պետական բյուջեի մշակման աշխատանքներին եւ այլն։

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ, բացի այս օրենքից, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը եւս օրենսդրական նախաձեռնություն է ցանկանում ներկայացնել, որը կրկին վերաբերում է մարզպետներին։

Նա ցանկանում է առավել սահմանափակում եւ հստակություն մտցնել մարզպետների գործառույթներում եւ տեղային, լոկալ հարցերը վերապահել միայն համայնքների ղեկավարներին։ Սակայն նրա այս նախաձեռնությունը դեռ վերջնական պատրաստ չէ եւ չի ներկայացվել։

Երկրորդ ընթերցմամբ նաեւ կքննարկվի ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի կողմից ներկայացված մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում։ մասնավորապես, պատգամավորն առաջարկում է, որ մինչեւ 14 անդամ ունեցող խմբակցություններն ունենան աշխատակազմի հաստիքացուցակով սահմանված մեկ գործավար եւ մինչեւ երեք փորձագետ, իսկ 14-ից ավելի անդամ ունեցողները` մեկ գործավար եւ մինչեւ հինգ փորձագետ:

Ինչպես արդեն նշեցինք, վերջնական օրակարգն ու նախագծերի քննարկման հերթականությունը կհաստատվի երկուշաբթի` ԱԺ խորհրդի նիստին։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս