Ինչու են քրեակատարողական հիմնարկների 140 աշխատակիցներ իրենց երեխաների հետ միասին գնացել են կառավարություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ քրեակատարողական հիմնարկների 140 աշխատակիցներ իրենց երեխաների հետ միասին գնացել են ՀՀ կառավարություն եւ բարձրացրել են իրենց աշխատանքի ազատման հարցը, որտեղից խոստացել են վերանայել որոշումը:

«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասով դիմեց Քրեակատարողական հիմնարկի լրատվական բաժին, որտեղից ի պատասխան հայտնեցին.

«Նկատի ունենալով, որ օրենսդրական փոփոխությունից հետո ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ծագել են օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի տարաբնույթ ընկալման հետ կապված հարցեր, ՀՀ ԱՆ ՔԿ ծառայության պետը 2010 թվականի հունվարի 13-ի գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին եւ խնդրել պարզաբանել`«41-րդ հոդվածի կիրառումը հոդվածի 1-ի մասով նախատեսված սահմանային տարիքը մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը լրացած անձանց շրջանակի, ինչպես նաեւ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթի կիրառումը ս.թ. հունվարի 1-11-ը սահմանային տարիքը լրացած քրեակատարողական ծառայողներին ծառայությունից ազատելու վերաբերյալ»:

ՀՀ արդարադատության նախարարի` 2010 թվականի հունվարի 25-ի գրությամբ ՀՀ ԱՆ ՔԿԾ է ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարության ոչ պաշտոնական պարզաբանումը, որի համաձայն` «Սահմանադրության 42-րդ հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն` հետադարձ ուժ չի կարող տրվել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները սահմանափակող, դրանց իրականացման կարգը խստացնող կամ պատասխանատվություն սահմանող կամ պատասխանատվությունը խստացնող կամ պարտականություններ սահմանող կամ պարտականությունների կատարման կարգ սահմանող կամ խստացնող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կարգ սահմանող կամ խստացնող, ինչպես նաեւ նրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող իրավական ակտերին:

Նկատի ունենալով վերոշարադրյալը` հայտնում ենք, որ «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածում կատարված փոփոխությունները չեն տարածվում մինչեւ 2010 թվականի հունվարի 2-ը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, այսինքն` աշխատանքի ընդունված քրեակատարողական ծառայողների նկատմամբ, դրանք կիրառելի են միայն 2010 թվականի հունվարի 2-ից հետո ծագող իրավահարաբերությունների նկատմամբ:

Այսպիսով, դա կտարածվի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ծառայության ընդունված կամ ծառայության ընթացքում մեկ այլ այնպիսի պաշտոն ստանձնելու դեպքում, որի համար նախատեսված են առավելագույն այլ ժամկետներ»:

Իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտությամբ պայմանավորված` 2019 թվականին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից դարձյալ հայցվել է պարզաբանում, որի համաձայն`

1. Այն անձանց նկատմամբ, որոնք ծառայության են անցել եւ քրեակատարողական ծառայության պաշտոնի են նշանակվել մինչեւ 2010 թվականի հունվարի 2-ը, որից հետո պաշտոնի որեւէ փոփոխություն չի եղել, եւ նրանք մինչեւ օրս շարունակում են զբաղեցնել նույն պաշտոնը, օրենքի փոփոխությունները չեն տարածվում, եւ ենթակա չեն ազատման ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

2. Այն անձանց նկատմամբ, որոնք ծառայության անցել են 2010 թվականի հունվարի 2-ից հետո կամ դրանից հետո նշանակվել են այլ պաշտոններում, այսինքն` փաստացի իրավահարաբերությունները դադարած են եղել եւ ծագել են նոր իրավահարաբերություններ, ենթակա են ազատման ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Վերոգրյալի հիման վրա 2019 թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության համակարգի 46 ծառայող «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 41-րդ եւ 39-րդ հոդվածների հիման վրա` ազատվել են ծառայությունից պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ»:

Քնար Մանուկյան




Լրահոս