ՀԱՐՑ. Պետական գրանցում կատարելու եւ վկայական ստանալու համար որքա՞ն գումար պետք է վճարել, եթե բնակելի տունը մինչ այդ առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում գրանցված չի եղել:
Լիա Մնոյան (38 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մնոյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության անշարժ գույքի (բացառությամբ առանձին միավոր հանդիսացող ավտոտնակների) եւ գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները կատարվում են անվճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այսինքն` եթե բնակարանը, առանձնատունը կամ այգետնակը 1998 թվականի մարտի 1-ից հետո չի գրանցվել, ապա հնարավոր է առանց որեւէ գումար վճարելու այն սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման եւ ստանալ սեփականության իրավունքի գրանցման վկայական:
ՀՀ կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պետական գրանցման դիմումը եւ այդ դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ էլեկտրոնային եղանակով ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով, որի դեպքում դիմումը եւ ներկայացվող փաստաթղթերի էլեկտրոնային պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հավաստվում է ներկայացնող անձի էլեկտրոնային ստորագրությամբ:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: