Հայաստանից 10 նոր ուղղությունով չվերթեր կբացվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը դեկտեմբերի 14-ից չվերթեր կիրականացնի Հայաստանից դեպի ՌԴ Կալուգա քաղաք։ Չվերթի ուղևորները օդի փող չեն վճարի։

Հայաստանից իրականացվող բոլոր այն չվերթերը, որոնք վերջին 1 տարվա ընթացքում չեն եղել, կազատվեն օդի հարկից։ Նման որոշում կայացրեց այսօր ՀՀ կառավարությունը` համապատասխան փոփոխություն առաջարկելով Պետական տուրքի մասին օրենքում։

«Այս պահին տարեկան մոտավորապես 11-12 մլրդ դրամ պետական բյուջե մուտք է լինում օդի տուրքի ձևով։ Սակայն կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ այս արտոնությունը տրամադրելու արդյունքում մենք ունենալու ենք դրական էֆեկտ` հաշվի առնելով, որ տվյալ կարգավորումը նպաստելու է նոր շուկաների ձևավորմանը»,- ասաց նախարար Սուրեն Պապիկյանը։

Վարչապետ Փաշինյանն էլ շեշտեց, որ նոր ուղղություններից տուրքից ազատելու որոշում կառավարությունը կայացրել է դեռևս 6 ամիս առաջ։

Քաղաքացիական ավիացիայի կոմտիեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը տեղեկացրեց, որ Ryanair-ն արդեն միակը չէ։ Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությունը բացում է չվերթ դեպի Կալուգա։ Առաջին չվերթը կիրականանա դեկտեմբերի 14-ին։

««Էյր Բալթիկն» էլ է նոր ուղղություն բացում։ Ընդհանրապես, 8 հաստատված նոր ուղղություն ունենք։ Բայց նախատեսում ենք, որ 10-ից ավելի կլինեն` մինչև ամառային սեզոնի բացումը»,- ասաց Ռևազյանը։շ

 

Հիշեցնենք` օդի տուրքի 10 000 դրամը Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում ամրագրվել և գանձվել է 1997թ–ից։




Լրահոս