39 ընտանիք է վերադարձել Տավուշի մարզ, բայց ոչ «Վերադարձ» ծրագրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019թ. մայիսի 17-ին Իջեւանի տարածաշրջանի Ենոքավան գյուղում իր պաշտոնավարման 100 օրվա առթիվ մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ նախաձեռնում է իրականացնել արտերկրի հայերի` Տավուշի մարզ վերադարձնելու ծրագիր, մինչեւ 2025 թվականը նախատեսում է արտերկրից սահմանամերձ մարզ վերադարձնել առնվազն 5000 ընտանիք:

«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի մարզպետին գրավոր հարց է ուղղել, թե մինչ այժմ քանի ընտանիք է վերաբնակեցվել Տավուշ, որ համայնքներում: Մարզպետի պատասխանում նշված է, որ մինչ այժմ 8 ընտանիք բնակություն է հաստատել Նոյեմբերյան քաղաքում, 4-ական ընտանիք` Այգեձոր եւ Բերդավան գյուղերում, 3 ընտանիք` Ոսկեվանում, 2-ական ընտանիք` Չինարի, Պառավաքար, Նորաշեն, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեհովիտ գյուղերում, մեկական ընտանիք` Կիրանց, Բերքաբեր, Խաշթառակ, Սեւքար, Գետահովիտ, Բարեկամավան, Արծվաբերդ, Նավուր, Չինչին գյուղերում եւ Բերդ քաղաքում:

Ընդհանուր առմամբ, Տավուշի մարզում վերաբնակվել է 39 ընտանիք` 124 մարդ: Տավուշի մարզի համայնքների ղեկավարներից եւ գյուղերի վարչական ղեկավարներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշում վերաբնակված վերոհիշյալ 39 ընտանիքները կապ չունեն Տավուշի մարզպետարանի նախաձեռնած «Վերադարձ» ծրագրի հետ, գոյություն ունի ընտանիքների ազատ տեղաշարժ դեպի արտերկիր եւ արտերկրից Հայաստան, ընտանիքները իրենց գործերով մեկնում են արտերկիր, հետո վերադառնում Տավուշ:

Տավուշի մարզպետարանում «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկատվական աղբյուրը հայտնեց, որ մարզպետ Չոբանյանի նախաձեռնած «Վերադարձ» ծրագրով ընդամենը մի ընտանիք է վերաբնակվել մարզում, այդ ընտանիքի վերաբերյալ ֆիլմ է նկարահանվում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս