Հարց քաղաքացիներից՝ դրամի փոխարժեքի տատանումներն ի՞նչ հանգամանքով են պայմանավորված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` դրամի փոխարժեքի տատանումներն ի՞նչ հանգամանքով են պայմանավորված:

Լուիզա Իսկանդարյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը:

Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող են փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները:

Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ` կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ, օրինակ, ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների(օրինակ` կարճաժամկետ ֆինանսական ներհոսքի կամ արտահոսքի) ազդեցության արդյունք է:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».Նշենք, որ գնաճի ծրագրավորված մակարդակն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկն իրականացնում է փողի քանակի ծավալային կարգավորում` կիրառելով դրամավարկային քաղաքականության ընդունված գործիքակազմը, որիմեջ ներառված են նաեւ արտարժույթի թե՛ առքը, թե՛վաճառքը:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս