«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բարեկարգված մանկական էնդոկրին բաժանմունքն արդիականացված պայմաններով կծառայի բուժվող երեխաներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր բարեկարգված պայմաններով վերաբացվեց Հայաստանում միակ մանկական էնդոկրին բաժանմունքը, որտեղ ստացիոնար բուժում է ստանում տարեկան շուրջ 600 երեխա:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, կարևորելով բաժանմունքի բարեկարգումն ու պայմանների բարելավումը, նշեց, որ Հայաստանում էնդոկրին խնդիրներ ուեցող երեխաների բուժումն իրականացվում է առաջադեմ եղանակներով: «2015 թվականից երեխաներն ինսուլինը ստանում են անալոգային գրիչների միջոցով, որի բարդություններն անհամեմատ քիչ են, ինչը թույլ է տալիս խուսափել բազմաթիվ
խնդիրներից»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վաղ հասակից ճիշտ, գրագետ և ժամանակակից մեթոդների կիրառումն ամենարդյունավետ բուժման եղանակներից է: Արմեն Մուրադյանի խոսքով՝ բաժանմունքի բարելավված պայմանները վկայում են, որ այսպիսի խնդիրներով երեխաները մշտապես ուշադրության կենտրոնում են:

«Այստեղ պատրաստվում են նաև ապագա բժիշկներ, որոնք սովորելուն զուգահեռ՝ կարող են մասնակից լինել ժամանակակից մեթոդների մշակմանն ու ներդրմանը»,-ընդգծեց ռեկտորը: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովայի խոսքով՝ բաժանմունքը նոր, բարեկարգված պայմաններով շարունակելու է իր գործունեությունը՝ բուժօգնություն տրամադրելով Հայաստանի բոլոր շրջաններից էնդոկրին խնդիր ունեցող յուրաքանչյուր երեխայի: «Մեր երկրում սա միակ ստացիոնար բաժանմունքն է: Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից գործում է նաև մանկական հանրապետական էնդոկրինոլոգիական դիսպանսերը, որտեղ հաշվառված է տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող մոտ 526 երեխա»,-նշեց կլինիկայի ղեկավարը՝ հավելելով, որ համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայում ախտորոշվում և բուժում են ստանում շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի պաթոլոգիաներ, մակերիկամային անբավարարություն, վաղաժամ սեռական հասունացում ունեցող երեխաները։

Շաքարային դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվա և բարեկարգված պայմաններով մանկական էնդոկրին բաժանմունքի վերաբացման առթիվ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում բուժվող երեխաների մասնակցությամբ, իրականացավ արդեն ավանդույթ դարձած միջոցառում: Ներկա էին անվան բժիշկներ, հյուրեր, որոնք իրենց գործունեությամբ մշտապես աջակցում և օգնում են բուժվող երեխաներին:




Լրահոս