ԵՐԲ ՄԱՐԴՆ ՈՒՏԵԼՈՒ ՀԱՑ ՉՈՒՆԻ, ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հեռուստատեսության դերի եւ  այսօրվա  սոցիալական վիճակի  մասին զրուցեցինք դերասան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ: -Ինչպիսի՞ն է այսօր հեռուստատեսության դերը մեր կյանքում:-Հեռուստատեսությունը մեծ դեր է խաղում ամբողջ աշխարհում, մարդկանց կյանքում:Կան մարդիկ, որոնք անջատում են հեռուստացույցը` համարելով դա պարզապես արկղ: Վստահ եմ, որ նման մարդկանց թիվը շատ քիչ է: Օր է լինում, երբ 5-6 ժամ տանն եմ, միանգամից հեռուստացույցն եմ միացնում: Չեմ համարում, որ այն վարակ է: Ինքս հեռուստատեսության պահանջ եմ զգում:-Հայկական հեռուստաալիքներ դիտո՞ւմ եք:-Առաջին հերթին հենց հայկականն եմ նայում, իմ ինչի՞ն է պետք ուրիշ բաներ նայեմ:-Շատերն ասում են, որ հայկական հեռուստաալիքներով նայելու ոչ մի հետաքրքիր բան չեն գտնում: -Շատերն ովքե՞ր: Դուք ժողովրդի ձայնը լսեք: Դրանք ասում են էնպիսի մարդիկ, որոնք չեն կարողանում լավ բաներ անեն, նախանձությունը միշտ եղելա ու կլինի: Ոչ մի սերունդ դրանից չի խուսափի:Ես ինձ հայ մարդ եմ համարում, եւ այս կյանքում առաջին հերթին ինձ հետաքրքրում է իմ երկրի տնտեսությունը, հայկական աշխարհը, մեր կինոն, թատրոնն ու սպորտը: -Եթե հետաքրքրվում եք տնտեսությամբ, ուրեմն նկատած էլ կլինեք, որ ամեն ինչի գները բարձրացել են: -Դա բավականին տխուր պատմություն է: Այդ թեմայով պետք է լուրջ մտածեն: Ես շատ վախենում եմ, որ այս վիճակը կարող է դժբախտության հանգեցնել: Երբ այսօր մեզ համեմատում եմ աշխարհի այլ երկրների հետ, մենք բավականին թանկ երկիր ենք, այն էլ ահավոր ցածր աշխատավարձերով: Այս հարցերի մեջ չեմ ուզում խորանալ, ինքս խաղում եմ դերեր, որոնց միջոցով շատ հարցերի պատասխաններ եմ տալիս: Եթե խելացի մարդը նայի, կգտնի բազմաթիվ  պատասխաններ: -Տան առեւտո՞ւրն էլ ինքներդ եք անում:-Ես եմ անում, լավ գիտեմ շուկաների տեղը: Շատ ուշադիր եմ առեւտուր անում, միշտ նայում եմ պահպանման ժամկետին: Մի քանի օր առաջ մակարոն էի ուզում առնել: Վաճառողուհուն հարցրի` թա՞րմ է, պատասխանեց` այո՛, մի քանի օր առաջ ենք ստացել: Նայեցի ժամկետին, պատրաստման օրը նշված չէր: Կատակով ասացի` ի՞նչ գիտեք, որ թարմա, միգուցե հարյուր տարի առաջ են սարքել, եսիմ որ պահեստներից բերել, վաճառում են: Ուշադիր եմ, որ հին ապրանքներ չառնեմ:-Գնումներ որտեղի՞ց եք կատարում:-Հիմնականում մարկետներից, բայց փողոցային առեւտրից էլ եմ օգտվել: Մարկետի սնունդից մի քիչ հանգիստ եմ: Մտածում եմ, որ ավելի ապահով է, դե փողոցի փոշին չի նստում, փաթեթավորված է:-Մեկանգամյա սննդի զամբյուղի համար որքա՞ն գումար եք վճարում:-Լինում են դեպքեր` քիչ, լինում են` ավելի շատ: Դե մի 20000-30000 դրամ, որ մի 5 օր բավականացնի:Մեր ընտանիքը 3 հոգանոց է, շատվոր չենք: Ես եմ, կինս, աղջիկս, ոչ էլ շատակեր ենք: Անձամբ ես ուտելուն  մեծ կարեւորություն չեմ տալիս: Ինչ կլինի, կուտեմ, հատուկ պահանջներ չեմ ներկայացնում: Իսկ մեր ընտանիքի սննդի հարցերը հոգալու համար շաբաթվա ընթացքում մի 50000 դրամը բավականացնում է` չհաշված կոմունալ ծախսերը: Էլ չեմ ասում, որ մեքենա եմ վարում, բենզին… Դժվարություններ կան, մտածում եմ, եթե ես եմ հազիվ ճկռելով ապրում, մնացածներն էլ են դժվարանում:Մտածում եմ` մեր ղեկավար այրերը մի բան կանեն մեր ժողովրդի բարեկեցության համար: Ախր էս ամեն ինչն իրենց աչքի առաջ է կատարվում: Պետք է մտածեն, որ հետո անխուսափելի բաներ չլինեն: Երբ մարդ ուտելու հաց չունի, կորցնում է իր սրբությունը, իրա համար էլ ոչ մի հայրենիք, ոչ մի բան:-Միտք ու ցանկություն չի՞ առաջացել վերցնել ընտանիքն ու գնալ այստեղից:-Չի առաջացել, ես շատ խորը արմատներով եմ ստեղ: Հիմա տնտեսությունից բռնած գյուղատնտեսությամբ վերջացրած`  ահագին աշխատանք ունենք կատարելու: Անգամ քնել չի կարելի, պետք է անընդհատ զբաղվել երկրի բարգավաճմամբ, երկիրն  այս վիճակից հանելու դարդ կա, գործ կա մեծ:-Ինչպե՞ս եք գնահատում մշակույթի նախարարի աշխատանքները:-Մշակույթի, կրթության պատասխանատուների գործունեությունը  նորմալ եմ համարում:  Բայց սննդի գների հարցը ավելի լուրջ է: Երբ սոցիալական վիճակը լավ լինի, մնացած բաներն էլ ինքնըստինքյան կբարելավվեն: Չեմ կարող ասել` վատ կամ լավ: Շատ լուրջ պետք է վերլուծվի իրավիճակը:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս