Ազգային հավաքականն ուժեղացնելու միայն մեկ տարբերակ կա․ Աբրահամ Խաշմանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի 2020 թվականի առաջնության Հայաստան – Հունաստան խաղից հետո մամուլի ասուլիսով է հանդես եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը։

«Նվիրվածության առումով տղաները արեցին այն, ինչը կարող էին։ Որակական առումով մենք զիջեցինք մրցակցին։ Ես նշել էի, որ ուսումնասիրել ենք Հունաստանի հավաքականին ու բավականին լավ կարծիք ունեինք։ Այսօր համոզվեցինք, որ բականին լավ պատրաստված հավաքական են։ Չեմ կարծում, որ պաշտպանողական տակտիկա էինք ընտրել, փորձում էինք մաքսիմում կազմակերպված լինել պաշտպանությունում եւ փակել գոտիները ու դիմել արագ գրոհների։ Այս ամենը առաջին խաղակեսում, իսկ եթե երկրորդ կեսում կարծիք կա, որ կարող էինք բաց ֆուտբոլ խաղալ, ապա կասեմ, որ հաշվից ելնելով` մրցակիցն էլ մեզ զիջեց տարածությունները։ Մրցակիցը ամբողջ խաղի ընթացքում ստեղծեց ռեալ գոլակյին պահեր։

Մենք այսօր արեցինք այն, ինչ հնարավոր էր անել այսպիսի կազմով։ Այսօր մենք շատ դժվարությամբ էինք դուրս գալիս պաշտպանությունից, որը որակի խնդիր է, իսկ այդ որակն էլ կապված է առաջատար խաղացողների բացակայության հետ։ Այս խաղում դրականն այն էր, որ տղաները արեցին առավելագույնը։

Ազգային հավաքականը ուժեղացնելու միայն մեկ տարբերակ կա այսօրվա դրությամբ։ Նախ պետք է վերադառնան վնասվածք ստացած ֆուտբոլիստները, ապա պետք է ամբողջ աշխարհով փնտրենք հայ լավ ֆուտբոլիստների եւ հրավիրենք հավաքական։ Մենք միայն մեկ երիտասարդ ֆուտբոլիստ ունենք, ով դեռ զարգանալու տեղ ունի։ Ինչ մնում է Պետրոս Ավետիսյանին, ապա նա 24 տարեկան է եւ երիտասարդ չէ։ Մենք կարող ենք ունենալ ամուր հավաքական, բայց ոչ շատ հզոր։

Իմ կարծիքով դա իրատեսական չէ, բայց մենք կարող ենք ունենալ ամուր թիմ, որը կպայքարի յուրաքանչյուրի հետ։ Մենք այսօր ունենք սակավաթիվ ֆուտբոլիստներ եւ չենք կարող նրանց աչքաթող անել։ Այսօր Էդգար Բաբայանը չխաղաց, որովհետեւ նրա դիրքում դաշտ դուրս եկավ Արթուր Սարկիսովը»,- ասել է Աբրահամ Խաշմանյանը։

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս