Զինվորական կենսաթոշակառուին հատկացված գումարը չի բավականացնում՝ բնակարան գնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինված ուժերում երկարատեւ ծառայություն անցած, բնակարանի կարիք ունեցող անձանց պետության կողմից բնակարաններով ապահովելու ծրագիր է իրականացվում, ինչը օգնություն է տարիներ շարունակ ուրիշի հարկի տակ ապրած զինվորականներին ու նրանց ընտանիքներին, սակայն այդ ծրագրի հետ կապված մտահոգություններ կան: Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Ռուբիկ Փափախչյանը երկար տարիներ ծառայել է ՀՀ զինված ուժերում, ազատամարտի վետերան է: Նա 2002թ. բնակարանի կարիք ունեցող զինվորականների ցուցակի սկզբում էր: Անցած 17 տարիներին նրա ընտանիքում շատ բան է փոխվել, երկու երեխաները մեծանալով հիմա արտերկրում են, ուսուցչուհի կինը վաղաժամ մահացել է:

Զինվորական կենսաթոշակառու Ռ. Փափախչյանը հայտնեց, որ իրեն` որպես մեկ անձի, առաջարկվում է 3 միլիոն դրամի սերտիֆիկատ, որով նա պետք է իր համար բնակարան գնի: Բնակարանի սերտիֆիկատը ուժի մեջ է համապատասխան պայմանագիրը կնքելուց հետո` 6 ամսվա ընթացքում:

Ռ. Փափախչյանը պարզել է, որ Նոյեմբերյան քաղաքում մեկ սենյականոց ամենաէժան բնակարանը 8-10 հազար դոլար է, 3 միլիոն դրամով հնարավոր չէ մեկ սենյականոց բնակարան գնել: Նա ասաց, որ մեկ սենյակ գնելու համար 3 միլիոն դրամի չափը սահմանվել է Կադաստրից ստացված տեղեկատվության հիման վրա, այդ տեղեկատվությունը չի համապատասխանում բնակարանների շուկայական գներին: Փափախչյանը հայտնեց, որ ինքը չի ուզում սերտիֆիկատ ստանալ, թող պետությունը իր համար Նոյեմբերյանում մեկ սենյականոց բնակարան ձեռք բերի:

Ռ. Փափախչյանը հայտնեց, որ Նոյեմբերյան քաղաքին հարակից Կողբ գյուղի զինավանում բնակվող, կենսաթոշակառու զինվորականներին առաջարկել են ազատել զինավանում նրանց զբաղեցրած բնակարանային տարածքները` փոխարենը տրամադրելով բնակարանների սերտիֆիկատներ: Զինված ուժերի վետերանների մի մասը չգիտի, թե արդյոք բնակարանային սերտիֆիկատի գումարը բավարար կլինի այն գնելու համար:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս