Նոր մահակ իշխանությունների ձեռքին. ինչպես կընտրեն քրեական ենթամշակույթին հարողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովում պատգամավորները սկսեցին քննարկել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով, ըստ էության, կքրեականացվի քրեական աշխարհին հարելը: Մինչ նախագիծը հանրային քննարկման դնելը, ապա նաեւ կառավարության կողմից ընդունվելը այն բազմիցս քննարկվել է տարբեր շրջանակների կողմից եւ արժանացել նաեւ քննադատության: Այսօր արդեն հարցը նստաշրջանի օրակարգում է եւ վստահաբար արժանանալու է բուռն քննարկման` հաշվի առնելով մինչեւ այժմ եկած ազդակները:

Եվ այսպես, ի՞նչ են առաջարկում իշխանություններն այս ուղղությամբ եւ ինչպե՞ս են պայքարելու քրեական աշխարհին հարողների դեմ: Ըստ այդմ, մի շարք նախագծերով առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ եւ հանցավոր համագործացությանը մասնակցելը։

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ներկայացրել էր որպես «օրենքով գողերի», «սխոդկաների», «աբշյակների» եւ այս կարգի այլ երեւույթների դեմ պայքար: «Այս օրենքի ընդունման նպատակն այն է, որ այս ամենի մեջ ներգրավված մարդիկ ենթարկվեն քրեական պատասխանատվության: Այս ենթամշակույթի մարդիկ բանտը համարում են իրենց տունը, եւ հետեւաբար պետք է նրանց բոլորին ուղարկել իրենց տուն ապրելու»,- ասել էր վարչապետը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է քրեական պատասխանատվության ենթարկել.

ա. քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ այն պահպանելու համար.

բ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ (Բանդիտիզմը) կամ 223-րդ (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները.

գ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու համար՝ միաժամանակ նախատեսելով խրախուսական նորմ առ այն, որ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մասին քրեական հետապնդման մարմիններին կամովին հայտնած եւ դրա գործունեության խափանմանը նպաստած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում.

դ. քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու համար՝ վերջիններիս անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու կամ իրական կամ ենթադրյալ իրավունքներն իրականացնելու համար:

Ըստ այդմ, քրեական միջավայր ստեղծելը կամ ղեկավարելը կպատժվի ազատազրկմամբ՝ 6-10 տարի ժամկետով, եթե արարքը քրեական միջավայրում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից է կատարվել, ապա այն կպատժվի ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով, քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը կպատժվի ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով, քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը կպատժվի տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Եվ այս նախագծի դեռ սաղմնային վիճակում շատերն էին հետաքրքրվում, թե ինչպես է կիրառվելու այն գործնականում, ինչպես են ապացուցելու, որ այս կամ անձն իսկապես հարում է քրեական միջավայրի: Հենց այստեղ են նախագծի բացերը: Օրինակ` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամ Արթուր Դավթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում վստահեցրեց, թե օրենքի կիրառման առումով խնդիրներ չեն առաջանա, եւ կարեւոր համարեց հենց այս փուլում նման նախագծի ընդունումը:

«Եթե դուք ուսումնասիրեք անկախ Հայաստանի ամբողջ պատմությունը` սկսած 1991 թվականից մինչեւ հիմա, ամենալեգիտիմ միակ կառավարությունն այսօր է ձեւավորված, եւ եթե այս ուժը չէ, ապա էլ ո՞ր ուժը պետք է դրանով զբաղվեր: Իշխող ուժն այն նպատակն է հետապնդում, որ Հայաստանի Հանրապետությունում տիրի օրենքի գերակայությունը, ուստի բոլոր մյուս օրենքները պետք է բերվեն, եւ դառնա մի իրավիճակ, որ Հայաստանում պետք է լինի օրենքի գերակայություն: Ես չեմ կարծում, թե նախագծի վերաբերյալ կա աղմուկ: Բոլո օրենքներն ինչպես կիրառվում են, կարծում եմ, կկիրառվի նաեւ այդ օրենքը», – նշեց Դավթյանը` ընդգծելով, թե կիրառության ժամանակ խնդիրներ չեն լինի:

Իսկ, ահա, արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանն այլ տեսակետի կողմնակից է եւ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ արտահայտեց, թե այստեղ կիրառության խնդիր է լինելու, որը կարող է առաջացնել հայեցողական մեկնաբանություն եւ կիրառում: «Խնդիրն այստեղ գաղափարի ու դրա իրացման կենսաձեւերի մեջ է, ինչը բնորոշ է այս նախարարության՝ վերջին ժամանակներում ներկայացրած բոլոր օրենսդրական նախաձեռնություններին: Գաղափարը լավն է, որովհետեւ ծրագրային բնույթ ունի, բայց իրացման կենսաձեւն այնպիսին է, որ խաթարում է գաղափարի բուն բովանդակությունն ու իրական նշանակությունը: Հոդվածն այս պահին ձեւակերպված է այնպես, որ հնարավոր է որեւէ անձի նույն արարքի համար երեք տարբեր հոդվածներով ենթարկել պատասխանատվության: Սա անթույլատրելի գաղափար է: Նախագիծը պետք է բերել այն տեսքի, որ չվերածվի մահակի», – նկատեց Խաչիկյանը:

Նա ընդգծեց, որ անգամ վարչապետի աշխատակազմն է քննադատել շատ դրույթներ, որոնք հակասում են իրավական որոշակիության սկզբունքին: «Կիրառելու են խիստ հայեցողաբար եւ մի պարզ պատճառով, որ ուղենիշները հստակ սահմանված չեն եւ առհասարակ չկան: Ըստ էության, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի գնահատումը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման չափանիշավորումը որն է համարվում, չկան, եւ նույնիսկ մոտարկված սահմանում չկա, եւ հենց դա է պատճառը, որ դրա շրջանակներում հայեցողական գնահատման ռիսկերը չափազանց շատ են, ինչը հանգեցնելու է խեղաթյուրված մեկնաբանությունների»,- նկատեց Խաչիկյանը:

Ըստ էության, այս նախագիծը կրկին այն դեպքերից է, երբ որպես օրինակ վերցվում է միջազգային փորձը, սակայն տեղայնացվում է անհաջող:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս