Սա ընդամենը անցումային փուլի օրենք է. Արփինե Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում քննարկվում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների նշանակման հարցը։ Եվ արդեն իսկ այս հանձնաժողովի շուրջ բազմաթիվ գործընթացներ են տեղիունենում, որոնք եկել են դեռ նախորդ իշխանության ժամանակներից։ Բանն այն է, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը ընդունվել էր դեռեւս 2017 թվականին, եւ սահմանում էր մրցութային հանձնաժողովի ներգրավմամբ հանձնաժողովի ձեւավորման կարգը։ Եվ իշխանափոխությունից հետո, չնայած այն հանգամանքին, որ կային հանձնաժողովի ձեւավորման հստակ օրենսդրական ժամկետներ, երկիրը մոտ մեկուկես տարի մնաց առանց հանձնաժողովի, համապատասխանաբար նաեւ առանց հայտարարագրման պատշաճ համակարգի։

Եվ միայն այս տարվա հունիսին իշխող ուժը սկսեց հանձնաժողովի ձեւավորման աշխատանքները, սակայն հանձնաժողովի ձեւավորման կարգը ենթարկվեց էական փոփոխությունների, որոնցից առանցքային էր այն, որ մրցութային հանձնաժողովը վերացվում էր, եւ հանձնաժողովը ձեւավորվում էր ամբողջովին քաղաքական գործընթացի արդյունքում։ Բացի դրանից էապես իջեցվում էին հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները՝ վերացնելով ճանաչում, մասնագիտական ստաժ ունենալու, տարիքային ցենզին բավարարելու պահանջները, կրկնակի կրճատելով աշխատանքային ստաժի պահանջը։

Հավելենք, որ նախորդ օրենսդրական կարգավորումները մշակված էին միջազգային չափանիշների խիստ հաշվառմամբ՝ հաշվի առնելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի պահանջները։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին։

-Տիկի՛ն Հովհաննիսյան, արդյոք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման կարգի փոփոխված տարբերակը հակասո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի առաջարկածին, եւ դա ի՞նչ հետեւանք կարող է ունենալ։

-Խոսքը Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը հակասության մասին չէ։ Ես պնդում եմ, որ դա հակասում է մասնագիտացված միջազգային մարմինների եւ մի շարք միջազգային փաստաթղթերում ամրագրված կանոններին, մասնավորապես՝ թե՛ Ջակարտայի արձանագրությունը, թե՛ ՏՀԶԿ կանոնները, բոլորը սահմանում են, որ այդ կառույցը պետք է լինի ապաքաղաքական։ Վենետիկի հանձնաժողովն իր դիրքորոշման մեջ սկզբունքորեն հղում է տալիս այդ մարմիններին՝ ասելով, որ ճիշտ կլինի, որ վերջնական եզրակացությունը եւ այդ կարգի փոփոխության վերաբերյալ գնահատականը հնչեցվի այդ մարմինների կողմից, քանզի նրանք են մասնագիտական մարմինները։ Իսկ մասնագիտական մարմինները պնդում են, որ կառույցը պետք է լինի ապաքաղաքական։

-Ըստ Ձեզ` կարո՞ղ է այս փոփոխության պատճառ լինել նաեւ այն, որ օրենքը ընդունվել էր դեռ ՀՀԿ-ի օրոք։

-Ես ուզում եմ հավատալ, որ ՀՀԿ-ի օրոք նախագծի մշակված լինելը պատճառ չի եղել, որ նոր իշխանությունները չեն ցանկացել դա իրագործել։ Բացի այդ, դա օրենք էր, որը պետք է իրականացվեր, բայց կարծում եմ, որ քաղաքական կամքի բացակայությունը եւ նաեւ տեսլականի բացակայությունը հանգեցրեցին նրան, որ ուղղակի չձեւավորվեց այդ մարմինը։

Նախընտրական շրջանում եւ թե անցյալ տարի կառավարության ծրագրի ժամանակ կառավարությունն ամենատարբեր մտքեր էր առաջ քաշում` մի կողմից` խոսվում էր ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի մասին, երկրորդ կողմից` խոսվում էր նաեւ օպերատիվ-հետախուզական ֆունկցիաներով օժտված մարմնի մասին։ Կարճ ասած, այս ամենը հանգեցրեց պարզապես անգործության, եւ դրա արդյունքում չձեւավորվեց մարմինը։

-Ի՞նչ կտար մրցութային հանձնաժողովի միջոցով հանձնաժողովի ձեւավորումը։

-Մրցութային կարգով ձեւավորվելը արժանացել էր միջազգային կառույցների գնահատականին, եւ սա համարվում էր ապաքաղաքական ձեւավորում, քանզի քաղաքական ուժերը անմիջական մասնակցություն չէին ունենում դրա ձեւավորման գործընթացի վրա, ինչը որոշակի առումով երաշխիք էր այդ մարմնի ոչ քաղաքական եւ անաչառ լինելուն, մասնագիտացված գործունեություն իրականացնելուն։ Մինչդեռ դրա քաղաքականացումը չափազանց վտանգավոր է, որովհետեւ այդ մարդիկ, ովքեր նշանակված են այս կամ ուժի կամ մարմնի կողմից, լինելու են նրանց լոյալ, ոչ թե իրենց գործառույթներն են իրականացնելու։

-Փաստորեն 2 մանդատ է դրվում ընդդիմադիր խմբակցություններին։ Ի՞նչ է սպասվում, եթե հետագայում ընդդիմադիր խմբակցությունները շատ լինեն։

-Եթե ընդդիմադիր խմբակցությունները շատ լինեն, իրականում այստեղ կառաջանա խնդիր, եւ այդ մասին նշվում է նաեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մեջ։ Այս կազմը եւ օրենքը փաստորեն անցումային բնույթ ունի, եւ հետագայում անհրաժեշտություն է լինելու կրկին անգամ օրենք փոխել։ Ես հենց դա էի ակնարկում, որ տեսլականի բացակայությունը եւ նոր հեծանիվ հորինելու սուր պահանջը իշխանություններին բերեցին այնպիսի գործողությունների համակցության, որով գրվեց այնպիսի օրենք, որը հետագայում կրկին պետք է ենթարկվի փոփոխությունների հաջորդ փուլերում։ Սա ընդամենը անցումային փուլի օրենք է։

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս