Երեկ` առավոտյան, «Ժողովուրդ» թերթի խմբագրություն էր զանգահարել մի երիտասարդ աղջիկ եւ լացակումած խնդրում էր օգնել, փրկել իրեն ու իր երկու որդիներին: Այցելեցինք մեր ընթերցողին` տեղում պարզելու, թե ինչ է պատահել:«Հայտնաբերեցինք» իսկապես անհուսալի վիճակում գտնվող մի ընտանիք, որն այժմ վարձով բնակվում է Չարբախի` Կարմիր բլուրի 115 ա տանը, որտեղ չկան անգամ տարրական պայմաններ, ցուրտ ու խոնավ: 32-ամյա տանտիկինը` «Ժողովուրդ»-ին դիմած Քրիստինե Հովհաննիսյանը, թոքաբորբով հիվանդ էր: Քրիստինեն ասաց, որ տնից վաղուց են զրկվել` տոկոսների տակ ընկնելու հետեւանքով. «Ես ամուսնացած եմ, բայց ամուսինս ինձ ու իմ երկու էրեխեքին` 3 տարեկան Հիսուսին եւ 8 ամսական Էրիկին, ոչ մի բանով չէր օգնում, դրա համար ես իրան վռնդել եմ տնից»: Տեղեկացանք, որ «տան» համար վճարում են 30 հազար դրամ. «Բայց արդեն քանի ամիս ա` չենք էլ կարողացել տանք, ես հիվանդ եմ, գամվել եմ անկողնուն ու չեմ կարում ոտքի կանգնեմ, խնդրում եմ` մի բանով օգնեք»: Նա արդեն 7 օր է` ջերմություն ունի, որի համար դեղեր են նշանակել, սակայն ի վիճակի չէ գնել. «Շտապ օգնություն կանչեցինք, ահավոր վատ էի, իրանք էլ դեղ են նշանակել, մի դեղը 4000-5000 դրամ ա, չեմ կարում առնեմ, ասում են` երիկամներս ա, ասում են` թոքաբորբ եմ, չգիտեմ, արդեն քանի օր ա` 40 աստիճան ջերմություն ունեմ: Վաղը գալու են լույսն էլ անջատեն, չհաշված` էտքան էլ պարտք ենք մեր տանտիրոջը»: 32-ամյա Քրիստինեին օգնում է միայն տանտիրուհին` 38-ամյա Արմինե Գասպարյանը` երբեմն ուտելիք ուղարկելով: Տիկին Արմինեն ասաց. «Լավ մարդ են, ուզում ենք մի բանով օգնենք, ախր ջահել աղջիկ ա, եթե բուժվի, լավանա, կաշխատի ու իր էրեխեքին կպահի»: Հիվանդ Քրիստինեն վերջում ավելացրեց, որ անգամ պատկերացում չունի, թե ում կարող է դիմել` ծայրահեղ վիճակից դուրս գալու համար: «Ես ոչ մի բանի էլ չեմ հավատում»,-լացակումած ասաց երկու երեխաների մայրը:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹՈՔԱԲՈՐԲՈՎ ՀԻՎԱՆԴԸ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ