Հայաստանում հասարակական զուգարանների հարցը դեռ շարունակում է մնալ չլուծված, իսկ գազալցակայաններում զուգարանների սանիտարական հիգիենիկ վիճակը դարձյալ ոչ բարվոք է: Թեեւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը համակարգում է գազալցակայաններում հասարակական զուգարանները բարվոք վիճակի բերելու խնդիրը,բայց հանրապետությունում դեռ մեծ թիվ են կազմում այն գազալցակայանները, որոնք կա՛մ չունեն զուգարան, կա՛մ էլ դրանք գտնվում են սարսափելի անմխիթար վիճակում:
ՀՀ ներգնա տուրիզմի անլուծելի թվացող խնդիրներից գլխավորը հասարակական զուգարանների բացակայությունն ու անմխիթար վիճակն է: Զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների պատմելով` ճանապարհներին այնպիսի զուգարանների են պատահում, որ ամաչում են առաջարկել զբոսաշրջիկին, անգամ եթե դրանք գտնվում են գազալցակայանների տարածքում:
Մինչդեռ տնտեսվարողներն,օրենքով սահմանված կարգով, պարտավոր են ունենալ բարվոք վիճակում գտնվող սանհանգույցներ:
Ինչպես հայտնի է, գազալցակայաններում հասարակական զուգարանները բարվոք տեսքի բերելու հարցով մտահոգված էր Կարեն Կարապետյանի կառավարությունը: Իսկ, ահա, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը անցած տարի անցավ գործնական քայլերի:
Հիշեցնենք` նա հրահանգել էր գազալցակայանների ղեկավարներին պատշաճ տեսքի բերել եւ պահանջվող ստանդարտներին համապատասխանեցնել իրենց տարածքում գտնվող զուգարանները,սակայն նախարարի այս հրահանգը դժգոհությունների առիթ է տվել գազալցակայանների տերերի շրջանում, որոնքչեն ցանկանում իրենց միջոցներով բարեկարգել զուգարանները` նշելով, որ դա լրացուցիչ բեռ է իրենց համար: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրանց մի մասը սեփական միջոցներովքիչ թե շատ բարեկարգել է գազալցակայանի տարածքում գտնվող զուգարանը, իսկ մեծ մասը այդ հարցում դանդաղում է. չեն ցանկանում ծախս անել:
Միաժամանակ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը գրություններ է ուղարկել մարզպետարաններ այն մասին, որկրկին ուսումնասիրվեն մարզի տարածքում գտնվող հասարակական զուգարանները: Այսինքն` գազալցակայանների սեփականատերերը շուտով դարձյալ կհայտնվեն նախարարության տեսադաշտում:
Իսկմինչ այդնշենք, որ կա Առողջապահության նախարարության 2009 թվականի հունիսի 19-ի հրաման, որով միջպետական եւ հանրապետական նշանակության գազալցակայանները, առեւտրի կետերըպետք է իրենց հանրային զուգարանները համապատասխանեցնեն տվյալ հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ պայմաններին եւ կանոններին:
Նախարարի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանի խոսքով` նախարարությունը, համագործակցելով մարզպետարանների, Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի հետ, հետեւողական է եղել, որպեսզի գազալցակայանների սեփականատերերը միջոցներ ձեռնարկեն այդ զուգարաններում սանիտարական հանգույցների բարելավման ուղղությամբ:
«Եթե համեմատենք, ապա պետք է արձանագրենք, որ այս տարի ԱԳԼՃԿ-ների սանիտարահիգիենիկ պայմաններն էականորեն տարբերվում են նախկինից: Բայց այդ պայմանների հետագա պահպանումը կախված է ե՛ւ գազալցակայանների սեփականատերերից, ե՛ւ քաղաքացիների վերաբերմունքից: Միաժամանակ պետք է տեղեկացնեմ, որ այն գազալցակայաններում եւ հանրային կետերում, որոնքչեն պահպանի հետայսու այդ պահանջները, այնտեղ վարչական վարույթ հարուցելու իրավասություն ունիԱռողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմինը»,- տեղեկացրեց Արմինե Մուրադյանը:
Իսկ, ահա, ՀՀ Լոռու մարզպետարանի հողաշինության եւ հողօգտագործման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակար Էդգար Հախվերդյանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ մարզում կա մի քանի գազալցակայան, որոնք դեռեւս չեն բավարարում պահանջվող չափանիշներին. «Բայց աշխատում ենք այդ ուղղությամբ, մինչեւտեսնենք`ինչ կստացվի»:
Պարզվում է`Լոռու մարզում մասնավորը` այս դեպքում գազալցակայանների սեփականատերերը, դանդաղում են զուգարանները պատշաճ տեսքի բերելու հարցում: «Տարբեր պատճառներով հետաձգվում են այդ աշխատանքները: Տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում սեփականատերերը: Մենք ունենք նոր գրություն`Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից ստացած, այն մասին, որպետք է կրկին անգամ ուսումնասիրել եւ ներկայացնել տեղեկություն դրանց վերաբերյալ: Այսօր (երեկ-Ս.Հ.) ենք այն ստացել նախարարությունից»,- լրացրեց մարզպետարանի ներկայացուցիչը:
Ի դեպ, նշենք, որ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը այս ընթացքում եւս ուսումնասիրում է ՀՀ գազալցակայանների զուգարանների վիճակը` արդյոք դրանք համապատասխանում են պահանջվող չափանիշներին: Տեսչական մարմնի սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանի խոսքով` անգամ դրական տեղաշարժ կա: «Իրավիճակը տարբեր գազալցակայաններում տարբեր է եղել: Մենք ունեցել ենք նաեւ գազալցակայաններ, որտեղ սանհանգույցները համապատասխանել են սանիտարական նորմերին, պահանջներին, բայց հիմնական մասում խախտումներ են եղել: Ընդ որում,չեն պահպանվել ախտահանման եւ մաքրման ենթակա մակերեսները, չի եղել միանվագ օգտագործման անձեռոցիկներ կամ ձեռքերի չորացուցիչներ: Բայց մենք մեծ թվով գազալցակայաններում սկսեցինք ստուգումներ անել, վարչական վարույթներ հարուցել: Հիմա նայում ենք կատարողականը կարգադրագրի…
Այսինքն`տրվել են կարգադրագրեր, որոնցով առաջարկվել է համապատասխանեցնել սանիտարական նորմերի կանոնների պահանջներին, եւ պիտի ասեմ, որ շատ լավ արդյունք են տվելմեր վարչական վարույթները»,- իրավիճակը ներկայացրեց Աննա Հարությունյանը:
Մասնագետը դժվարացավ նշել, թե քանի գազալցակայանի նկատմամբ է վարչական վարույթ հարուցվել. «Տարեկան հաշվետվություն դեռ չկա այն մասին, թե քանի գազալցակայան է տուգանվել, քանի որստուգումներ իրականացվում են նաեւ մարզային կենտրոններիկողմից,բայց դրանք 300-ից ավելի են»:
Սյունէ Համբարձումյան