ՀԱՐՑ. Եթե գործուղման դեպքում գիշերավարձի գումարը փաստաթղթով հիմնավորված չի, ապա տվյալ գումարը ենթակա՞ է նվազեցման գործուղման մեկնած ֆիզիկական անձի համախառն եկամտից:
Լիաննա Իսրայելյան (30 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «բ» կետի եւ 16 ապրիլի 2001թ. N 02/456 հրամանի 12.2.-ի համաձայն` փոխհատուցման վճարներ են համարվում աշխատանքային պարտականությունները կատարելու համար գործատուների կողմից իրենց աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ չափերով տրվող փոխհատուցումները, մասնավորապես` գործուղման վճարները:
Համախառն եկամտից նվազեցվում են ՀՀ տարածքում եւ ԼՂՀ գործուղվելու դեպքում ոչ պետական եւ ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող գործուղումների համար ՀՀ կառավարության 29.12. 2005 թվականի N 2335-Ն որոշմամբ սահմանված գիշերավարձի եւ ճանապարհածախսի նվազագույն չափերը չգերազանցող գումարների սահմաններում գիշերավարձի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից, իսկ այդ չափերը գերազանցող գիշերավարձի եւ ճանապարհածախսի գումարները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում:
Օտարերկրյա գործուղումների դեպքում գիշերավարձի փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը փոխհատուցվում են նշված որոշմամբ տվյալ երկրի համար սահմանված գիշերավարձի նվազագույն նորմայի 70% սահմաններում:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ համախառն եկամուտը նվազեցվում է եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար 32500 դրամի չափով:
Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:
Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում: